Սոլոմոնով․ «Ես ինքս հետ եմ նայում ու վերլուծում, բայց շատ բաներ մութ են նաև ինձ համար»
Ֆուտբոլն ամբողջ աշխարհում փոխվում է արագ տեմպերով՝ մարզիչներ, խաղացողներ, տակտիկական հնարքներ ու խաղի կանոններ։ Մնայուն են թերևս արժեքներն ու սկզբունքները, աշխատանքի փիլիսոփայությունն ու մեթոդները։
Վանաձորը ներկայացնող «Լոռի» ֆուտբոլային ակումբն իր պատմության ընթացքում մի քանի անգամ լուծարվել է, այնուհետև նորից վերականգնվել, հասել որոշ խաղային մակարդակի, այնուհետև նորից կանգնել լուծարման խնդրի առաջ։ Հայկական ֆուտբոլի նորագույն պատմության ընթացքում իր նորամուտը «Լոռին» պաշտոնապես նշեց 2017 թվականի օգոստոսի 14-ին, և լուծարվեց ոչ ամբողջական 4-րդ տարում՝ սույն թվականի փետրվարին։
Փաստը ցավալի է մի քանի տեսանկյունից, քանի որ թիմն արդեն կայացել էր և հստակ քայլերով ընթանում էր դեպի եվրոպական մրցասպարեզ, կայացման ճանապարհին էին թիմի ակադեմիան և ենթակառուցվածքները, սակայն եղավ այն, ինչ եղավ։ Ակումբի հաջողության հարցում ի դեմս այլոց՝ իր ներդրումն ունի նաև արդեն «Լոռիի» նախկին գլխավոր մարզիչ, այժմ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի՝ Լոռու մարզում ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավար, ծնունդով Դաղստանի Հանրապետությունից, ազգությամբ հրեա Ալբերտ Սոլոմոնովը, ում հետ զրուցեցինք թիմի, ֆուտբոլիստների ու մարզչական աշխատանքի հեռանկարների մասին։
– Պարոն Սոլոմոնով, շատ կարճ կներկայացնե՞ք՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ և ինչպե՞ս․ թիմը դուրս եկավ առաջնությունից, բայց դեռ հարցեր կան։
– Շատ ցավոտ է հիշել այդ ամենը։ Ես ինքս հետ եմ նայում ու վերլուծում, բայց շատ բաներ մութ են նաև ինձ համար, մեզ ամեն ինչ դժվարությամբ տրվեց, թիմը հավաքեցինք վերջին պահին, ստեղծեցինք իսկապես մարտունակ ու պայքարող կոլեկտիվ, բայց եկավ մի պահ ու թիմը, որ առաջնությունում ընթանում էր երրորդ տեղում, սակայն հանվեց պայքարից, ինը հիշելը ծանր է, բայց պետք է նայել առաջ։
– Կցանկանայի գնահատեք «Լոռիի» վերադարձի հավանականությունը մեծ ֆուտբոլ, դա ցանկանում ենք և մենք, որպես մարզասեր, և, համոզված եմ, Դուք։
– Գիտեք՝ խնդիրը պարզ ու հեշտ լուծվողներից չէ․ սա ենթակառուցվածքային, սոցիալական խնդիր է, որ միանգամից չի լուծվում։ Ինձ համար սա մարտահրավեր է որպես մարդ, որպես մասնագետ, ես ինձ այստեղ յուրային եմ զգում ու պատասխանատվություն եմ թիմի ու երկրպագուների առաջ, ցանկանում եմ նպաստել Լոռու մարզում ֆուտբոլի զարգացմանը։ Ես ինձ ու երկրպագուներին խոսք եմ տվել գնալ ու պայքարել մինչև վերջ ու կատարել խոստումն ամբողջությամբ։
– Ու ո՞րն էր դա։
Երկրպագուների հետ առաջին հանդիպմանը նրանց շատ էր անհանգստացնում այն հարցը, թե ինչու «Լոռիում» չեն խաղում վանաձորցիներ: Ես պատասխանեցի, որ իմ փիլիսոփայությունն այն է, որ ակումբում անպայման լինեն խաղացողներ այն մարզից, որը ներկայացնում է ակումբը: Արդեն առաջնության սկզբում վանաձորցի Դավիթ Փարեմուզյանը հնարավորություն ստացավ դրսևորել իրեն, իսկ կարճ ժամանակ անց սկսեց խաղալ հիմնական կազմում։ Բացի նրանից, կիսով վանաձորցի Արթուր Ավագյանը խաղում էր հիմնական կազմում, Արամ Քոչարյանը, ում շատերը հաշմանդամ էին համարում, հրավիրվեց ազգային հավաքական, Տիմուր Ռուդոսելսկին հրավիրվեց Ղազախստանի հավաքական, Ջիմի Բենդը՝ Հաիթիի, (վերջինիս նաև մինչև իմ մարզիչ լինելն էին հրավիրել)։
Կարևոր է նաև տղաների ընտրությունը․ ես ընտրում եմ 4 դրական որակների առկայության և 2 բացասական որակների բացակայության հիման վրա․ դրանք են՝ դաստիարակությունը, առաքինությունը, պատասխանատվությունը, հուսալիությունը և պրոֆեսիոնալիզմը (ուշադրություն դարձրեք, որ պրոֆեսիոնալիզմը վերջին տեղում է) և նա չպետք է դավաճան ու չլինի վախկոտ (խոսքը սուպերհերոսի կերպարի մասին չէ, պարզապես պետք է կարողանաս հույս դնել խաղացողի վրա ու նա պիտի չվախենա, չխուսափի պատասխանատվությունից)։
– Որպես թեմայի շարունակություն․ ի՞նչ են անում առանց թիմ մնացած տղաները։
– Ըստ ՖԻՖԱ-ի կանոնադրության՝ տրանսֆերային պատուհանից դուրս տեղափոխությունները չեն թույլատրվում։ Մեր տղաներից միայն Տիմուր Ռուդոսելսկին կարողացավ պայմանագիր կնքել ղազախական «Կայսարի» հետ, քանի որ այնտեղ տրանսֆերային պատուհանն ավելի երկար է տևում։ Տղաներից ոմանք էլ մարզավիճակը պահելու համար մարզվում են այլ ակումբներում, որոշներն էլ՝ ինքնուրույն։
– Դուք մարզչական հարուստ փորձ ունեք Իսրայելում և Եվրոպայում, համոզված ենք, որ առաջարկներ կան նաև հայկական ակումբներից։ Կա՞ այլ հայկական ակումբ մարզելու հեռանկար։
-Ինչպես արդեն նշեցի, ես խոսք եմ տվել Լոռվա մարզում զարգացնել ֆուտբոլը, որն ընդունում եմ ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ։ Եղել են միջնորդավորված զրույցներ, բայց նույնիսկ թիմի անունը չեմ հարցրել, որովհետև սկզբունքներն ու պատիվն ինձ համար ավելի թանկ են քան պայմանագիրն ու առաջարկվող պայմանները։ Թիմի լուծարումից հետո նախագահի հետ կարճ զրույց ենք ունեցել, և նա առաջարկել է մնալ ու նպաստել այստեղ ֆուտբոլի զարգացմանը, ինչին ես համաձայնել եմ ու այդ ամենն արձանագրել ենք փաստաթղթով։
Պայմանագիրը կնքել էինք «1+1» սկզբունքով․ մայիսին լրանում է առաջին տարին, հիմա նորից պիտի զրուցենք պարոն Գրիգորյանի հետ ու հասկանանք մեր անելիքները։ Ինձ հետ, թե առանց ինձ (հույս ունեմ՝ ինձ հետ) պիտի վերակենդանացնենք այս նախագիծը։ Ինձ նույնիսկ հետաքրքիր է, թե ինչու եմ այսքան նվիրված նախագծին, բայց ամեն ինչ պիտի անեմ «Լոռի» ֆուտբոլային ակումբին նոր կյանք տալու համար։
– Ո՞րն է Ալբերտ Սոլոմոնովի երազանքը որպես մարզիչ՝ հասանելի երազանք, ոչ այնպիսին, ինչպիսին Չեմպիոնների լիգան նվաճելը։
– Իսկ ինչու՞ ոչ։
– «Լոռիի» հե՞տ։
– Իսկ ինչու՞ ոչ։ Նվազագույնը Եվրոպա լիգա․ մենք ընթանում էինք այդ գոտում, երբ դուրս եկանք առաջնությունից։
– Չգիտեմ՝ դա իրատեսակա՞ն է։
– Իմ կյանքից մի պատմություն պատմեմ, որից հետո ինքդ որոշիր։ 13 տարեկանում, երբ ապրում էի ԽՍՀՄ-ում, ես երկու երազանք ունեի՝ դառնալ դիվանագետ և մարզել Իսրայելի ֆուտբոլի հավաքականը։ Դրանց մասին իմանալու դեպքում իմ ծնողներին կարող էին բանտարկել, արդյունքում ես դարձա դիվանագետ և մարզել եմ Իսրայելի երիտասարդական հավաքականը։ Դա հեշտ չէր, բայց եղավ։ Հիմա ուզում եմ դիմել թիմի բոլոր տղաներին՝ հավատացեք և դա հնարավոր կլինի։ Այո, «Լոռի» ֆուտբոլային ակումբի համար եվրոպական լիգաների բարձունքները հասանելի են։
Արամ Փարսադանյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ․Գ․Գ․ Լուսանկարները՝ «Լոռի» ՖԱ-ի
# Interfootball, Ալբերտ Սոլոմոնով, Լոռի