Նացիզմի հետևանքները․ ինչպե՞ս վերացավ ֆուտբոլի պատմության լավագույն հավաքականներից մեկը
Պատմություն այն մասին, թե ինչպես 1930-ականների լավագույն հավաքականներից մեկը դադարեց գոյություն ունենալ որոշ մարդկանց քմահաճույքների պատճառով։
1938 թվականին Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերը Երրորդ Ռեյխն ընդլայնելու նպատակով Ավստրիան որոշեց միացնել Գերմանիային։ Այդ իրադարձությունը ճակատագրական դարձավ նաև Ավստրիայի ֆուտբոլի հավաքականի և նրա առաջատար Մաթիաս Սինդելարի համար։ Այդ ժամանակ Ավստրիայի հավաքականը հավասարը չուներ Եվրոպայում, և Հիտլերը հուսով էր Գերմանիայի հավաքականը համալրել այնպիսի ֆուտբոլիստներով, ովքեր լուրջ հաջողությունների կհասցնեն հավաքականին։
1938-ի ապրիլի 3-ին Սինդելարը բազմահազարանոց ստադիոնի աղմուկի ներքո մտավ խաղադաշտ ու կարծես գիտակցեց, որ ինչ-որ բան փոխվել է, որ սա, հնարավոր է, իր վերջին խաղն է սիրելի հավաքականի կազմում։ Գրեթե մեկ ամիս առաջ նա տեսել էր, թե ինչպես են նացիստները մտնում Վիեննա ու առանց դիմադրության Ավստրիան միացնում Երրորդ Ռեյխին․ Վիեննան անճանաչելի էր դարձել․ ամենուր զինվորականներ էին, քաղաքի տարբեր տեղերում կախված էին նացիստական խորհրդանիշներ և Հիտլերի նկարները։
Սինդելարը բռնաճնշումների չենթարկվեց, սակայն տեսավ, թե ինչպես է քանդվում բնականոն աշխարհը։ Սակայն, հակառակ պատկերն էր նրա՝ հավաքականի ու «Աուստրիայի» թիմակիցների պարագայում, որոնց մեծ մասին ստիպեցին ավարտել ֆուտբոլային կարիերան։
Նույն բախտին արժանացան «Աուստրիայի» նախագահը և մի քանի այլ պաշտոնյաներ, իսկ հրեա ֆուտբոլիստների ու թիմի այլ անդամների հետ շփումն առհասարակ արգելվեց։ Այսպես սկիզբ առավ եվրոպական ամենակայացած մարզական ենթակառուցվածքի քանդումը, որը տևեց մի քանի շաբաթ։
Սինդելարին ամենից շատ հիասթափեցրեց այն, որ նախկին խաղընկերները տրվեցին նացիստական պրորագանդային և սկսեցին քարոզել հիտլերյան գաղափարախոսությունը։ 1938 թվականին նաև հանրաքվե տեղի ունեցավ, որի շրջանակում ավստրիացիների 99.75%-ը կողմ քվեարկեց Երրորդ Ռեյխին միանալու որոշմանը։
Պատմաբաններն այդ արդյունքներն ադեկվատ չեն համարում, քանի որ նացիստներն ընդհանրապես հանրաքվե չէին անկանցնի, եթե վստահ չլինեին, որ հաղթելու են։
Ավստրիացիներն իսկապես հավատում էին ֆաշիստական գաղափարներին և քչերն էին, որ ընդդիմացան երկու պետությունների միացմանը։ Նրանց թվում էր նաև Սինդելարը։
Միացումից հետո նույնիսկ «Ավստրիա» բառն արգելվեց, քանի որ այն նշանակում էր «Արևելյան ռեյխ», մինչդեռ ռեյխը պիտի լիներ մեկը։ Արդյունքում Ավստրիան անվանափոխվեց Օստմարկ, որ նշանակում էր «Արևելյան հատված» (խմբ․՝ մարկ- եթե բառացի թարգմանենք, ապա այն նշանակում է նշան)։
Ավստրիայի նոր իշխանությունն իր ազդեցության տակ վերցրեց երկրի բոլոր ոլորտները։ Սպորտը նույնպես բացառություն չէր։ Գերմանացիներն իրենց ուժն ու իշխանությունն անընդհատ ցանկանում էին ցույց տալ նաև սպորտում։ Այս նպատակով 1936 թ․ Բեռլինում կայացած Օլիմպիական խաղերի ընթացքում գերմանացիները նվաճեցիմ 89 մեդալ, իսկ երկրորդ տեղում Միացյալ Նահանգներն էր 56 մեդալով։ Միակ ձախողումը ֆուտբոլի հավաքականն էր, որ քառորդ եզրափակիչում պարտվեց նորվեգացիներին։
Նացիստական իշխանությունները 1938 թվականի Ֆրանսիայում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը համարում էին հարմար առիթ իրենց գերակայությունը ցույց տալու համար, սակայն գոյություն ուներ Ավստրիայի հավաքական, որն օբյեկտիվորեն ավելի ուժեղ էր,իսկ միացումը դիտարկվում էր որպես ուժեղացում։ Անցնող 10 տարիներին հենց ավստրիացիներն էին տոն տալիս ֆուտբոլային սշխարհում, ինչն էլ հարվածել էր գերմանացիների ինքնասիրությանը։
Ուգո Մայսլի գլխավորած հավաքանն ստացել էր «հրաշք թիմ» անունը (Wunderteame), որն աչքի էր ընկնում արագ կոմբինացիաներով ու նորարարություններով, ինչն էլ նրանց անհասանելի էր դարձնում եվրոպական այլ հավաքականների համար։
Ավստրիացիների ավագն ու առաջատարը Սինդելարն էր, ով հայրենասիրությունից դրդված մերժել էր բոլոր արտասահմանյան գրանդ ակումբներին։
Մայսլը մտածել էր «Լավագույն պաշտպանությունը հարձակումն է» կարգախոսը, որին հետևում էր անկախ մրցակցից։ 1926 թվականին Սինդելարն իր նորամուտը նշեց Ավստրիայի հավաքականում ու հենց առաջին խաղում աչքի ընկավ գոլով, իսկ այնուհետև շվեյցարացիների դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր հավաքականին հաղթել 7:1 հաշվով։
Այնուհետև 1931-ին ավստրիացիները տանը 5:0 հաղթեցին Շոտլանդիային։ 1932 թ․ Ավստրիայի հավաքականը «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում հյուրընկալվեց Անգլիայի հավաքականին, որն այդ պահին երբեք որևէ պարտություն չէր կրել սեփական հարկի տակ։ Այդ խաղում «երեք առյուծները» հաղթեցին 4։3 հաշվով, իսկ Սինդելարը գեղեցիկ անցումից հետո գրավեց անգլիացիների դարպաասը։
Այդ խաղից հետո Մաթիաս Սինդելարը համաշխարհային ճանաչում ստացավ և բոլոր հանրահայտ պարբերականները նրա մասին էին գրում։ The Times – «Նա լավագույն խաղացողն է աշխարհում», Daily Mail – «Նա հանճար է»։
Անգլիա – Ավստրիա հանդիպման գլխավոր մրցավար Ջոն Լանգենուսն էլ հայտարարեց, որ մինչ այդ պահը, Մաթիասից բացի, որևէ այլ ֆուտբոլիստ նման գոլ չէր խփել անգլիացիների դարպասը։
Սինդելարը դարձավ իսկական ազգային խորհրդանիշ․ նա գովազդում էր ամեն ինչ՝ կաթից մինչև ժամացույցներ։ Սինդելարը նկարահանվեց նաև սպորտային մյուզիքլներում։
«Աուստրիայի» երկրպագու Ֆրիզ Պոլստերը, ում հայրը Սինդելարի ընկերն էր, մի առիթով ասել է․ «Ես կանվանեի նրան հնաոճ սուպեր աստղ։ Նրան չէր պատում հիստերիան, ինչպես ժամանակակից շատ ֆուտբոլիստների, այլ ներքին հանգստությունը։ Նա չափազանց նիկար էր․ երբեմն թվում էր հիմա քամին կքշի։
Դժվար էր հավատալ, որ այդ տղան միայնակ ոչնչացնում էր մրցակցի ողջ պաշտպանությունը»։
Ավստրիացի գրող Ֆրիդրիխ Տորբերգն էլ գրում է․ «Նա մշտապես բազմաթիվ տարբերակներ էր դիտարկում, ինչն էլ ավելի անկանխատեսելի էր դարձնում, թե ինչպես նա կգործի։
Նա չուներ որևէ խաղային համարգ և երբեք հրահանգավորումներ չէր ստանում։ Նա հանճար էր»։
1934 թվականին Իտալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը Ավստրիայի հավաքականը մրցաշարի գլխավոր ֆավորիտն էր։ Նրանք առաջին փուլում նրանք լրացուցիչ ժամանակում 3։2 հաշվով հաղթեցին Ֆրանսիայի ընտրանուն, այնուհետև 2։1՝ Հունգարիային։
Դժվար էր պատկերացնել, որ ինչ-որ բան կկանգնեցնի Մեյսլի սաներին, սակայն մրցաշարի կիսափակչում սպորտը կրկին ետին պլան մղվեց։ Քաղաքականությունը հաղթեց սպորտին։
Իտալիայի ղեկավար, Նացիոնալ ֆաշիստական կուսակցության ղեկավար, դուչե Բենիտո Մուսոլինին, Ադոլֆ Հիտլերից դեռ տարիներ առաջ, նպատակ ուներ ֆուտբոլի միջոցով ամրապնդել իր դիրքերը։
ԱԱ կիսաեզրափակչում Ավստրիայի հավաքականը պետք է մրցեր հենց իտալացիների հետ։ Խաղից առաջ Մուսոլինին ճաշեց հանդիպման գլխավոր մրցավար Իվան Էլկինդի հետ և ակնարկեց, որ Իտալիան պետք է հաղթի։
Մուսոլինիի ծրագիրն աշխատեց։ Իտալիան հանդիպման 19-րդ րոպեին խփած վիճահարույց գոլի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով, իսկ հետագայում եզրափակչում 2։1 հաշվով առավելության հասավ Չեխոսլովակիայի նկաատմամբ՝ դառնալով աշխարհի չեմպիոն։
Ավստրիացիներն էլ երրորդ տեղի համար խաղում 2։3 հաշվով զիջեցին Գերմանիային և հիասթափած վերադարձան տուն։ Նրանց հույսն արդեն 1938-ի Մունդիալն էր, սակայն այդ ժամանակ էլ Ավստրիան, որպես պետություն, դադարեց գոյություն ունենալ։
Հիտլերի օգնականներից Հանս ֆոն Չամերը միացումից հետո վիեննական ֆուտբոլի մասին ասել է հետևյալը․ «Վիենայի ֆուտբոլային մշակույթն ու ֆուտբոլային դպրոցն այնքան յուրահատուկ են, որ մենք հիմար կլինենք, եթե ոչնչացնենք այն»։
Միացումից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զեպ Հերբերգերի առաջ առաջադրանք դրվեց առաջիկա աշխարհի առաջնության համար ընտրել ավստրիացի ֆուտբոլիստների, իսկ որպեսզի մարզչի գործը հեշտ լիներ երկու հավաքականների միջև ընկերական հանդիպում անցկացվեց։ Այդ հանդիպումը գաղափարական տեսանկյունից նույնպես կարևոր նշանակություն ուներ․ գերմանացիները ցանկանում էին ընդգծել, որ երկու ազգությունների միջև պահպանվել են բարիդրացիական հարաբերություններ, իսկ սպորտը նրանց ավելի կմիավորի։
Այդ հանդիպմանը ներկա են եղել Ադոֆ Հիտլերը, Յոզեֆ Գեբելսը, Ռոբերտ Հեսը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Ավստրիացի բոլոր ֆուտբոլիստներին հանձնարարված էր խաղից առաջ ողջունել նացիստական հանրահայտ ձևով, որին չհետևեցին միայն Մաթիաս Սինդելարն ու պաշտպան Կառլ Սեստան։
Բացի դրանից, ավստրիացիները հրահանգ ունեին նաև չդառնալ գոլի հեղինակ, որպեսզի խաղն ավարտվի խաղաղ ելքով։ Միայն առաջին կեսում Սինդելարը մի շարք նպաստավոր դիրքերից շեղ հարվածեց, իսկ երկրպագուները չէին հավատում իրենց տեսածին։
Փաստացի նա կատարում էր հրահանգը և չէր դառնում գոլի հեղինակ, սակայն իրավիճակը երկրորդ կեսում կտրուկ փոխվեց. ավստրիացիներն այլևս չվրիպեցին հարմար դիքրերից։ 62-րդ րոպեին Ֆրանց Բինդերը հարվածեց դարպասաձողին, իսկ վրա հասած Սինելարը գնդակն ուղարկեց գերմանացիների դարպասը։ Հարձակվողը ոչ միայն դեմ գնաց օկուպանտներին, այլև իր ծաղրական պարով նվաստացրեց Հիտլերն․ նա կառավարական օթյակի հարևանությամբ գոլը նշեց պարելով։ Դրանից հետո էլ Սեստան կրկնապատկեց ավստրիացիների առավելությունը, ովքեր հաղթեցին 2։0 հաշվով։
Մարզադաշտում հավաքաված երկրպագուները, մոռանալով վերջին ամիսներին տեղի ունեցած իրադարձությունները, սկսեցին վանկարկել «Ավստրիա՜, Ավստրիա՜»։
Այդ ամենից հետո Երրորդ Ռեյխի ոստիկանությունը Սինդելարին ավելացրեց «սև ցուցակում»։ Բռնաճնշումների ներքո նա հրաժարվեց Ռեյխի հավաքականի հետ մասնակցել աշխարհի առաջնությանը, իսկ 35 տարեկան հասակում ավարտեց միջազգային կարիերան՝ պատճառաբանելով դա տարիքով և նշելով, որ միևնույնն է պիտի ավարտեր։
Սինդելարը գերմանացիների հետ կմեկներ մրցաշարին, սակայն նախընտրեց ավարտել միջազգային կարիերան, որպեսզի դեմ գնա գործող վարչակարգին և ռեժիմին։
Հավաքականում Սինդելարի մյուս խաղընկերները, սակայն, չկարողացան վարվել Մաթիասի նման և Գերմանիայի հավաքականի կազմում 1938-ին մասնակցեցին աշխարհի առաջնությանը։ Չնայած հսկայական ներուժին՝ գերմանացիներին խայտառակություն էր սպասվում։ Մրցաշարի առաջին խաղում Ռեյխի հավաքականը 1։1 խաղաց Շվեյցարիայի ընտրանու դեմ։ Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ նշանակվեց վերախաղարկում, որի շրջանակում գերմանացիները հանդիպման ընթացքում հաղթում էին 2։0 հաշվով, սակայն հաջողացրին պարտվել 2։4` լքելով մրցաշարը, իսկ աշխարհի չեմպիոն կրկին դարձան իտալացիները։
Նշվում է, որ Գերմանիայի հավաքականի ավստրիացի ֆուտբոլիստներին շատ խանգարել և շեղել են հակաֆաշիստական բողոքի ցույցերը։
«Չի կարելի ասել, թե ավստրիացիները դիտավորյալ պարտվեցին, սակայն ակնհայտ էր, որ նրանք դժգոհ են իրենց կարգավիճակից։
Տոտալիտար ռեժիմը ֆուտբոլին չի վերաբերվում այնպես, ինչպես մյուս ռեժիմները։ Տոտալիտարիզմի համար կարևոր է, որ պետությունը կառավարի ամեն ինչ՝ ներառյալ նաև ֆուտբոլը։ Այդ ռեժիմոմ ապրում է գաղափարական ֆանտազիա, թե իբր ֆուտբոլը կարելի է բաժանել քաղաքականությունից, սակայն դա երբեք տեղի չի ունենալու»,- բացատրում է Նյու-Յորքի համալսարանի պրոֆեսոր Ստանիսլաո Պուլեզեն։
Ինչ բերաբերում է Մաթիաս Սինդելարին, ապա նա շարունակում էր ապրել իր բնականոն կյանքով, սակայն արդեն առանց հավաքականի։ Չնայած նա չէր մասնակցում հակաֆաշիստական բողոքի ցույցերին, սակայն ոստիկանությունը շարունակում էր նրան հետապնդել։
Սինդելարի դրամատիկ կյանքն ընդհատվեց 1939 թ․ հունվարի 22-ին։ Այդ օրը Մաթիաս Սինդելարն իր ընկերուհու՝ Կամիլիա Կադաստանոլայի հետ ուշ երեկոյան տուն վերադարձավ, պառկեց քնելու և այլևս չարթնացավ։ Հաջորդ առավոտյան Սինդելարը պետք է հանդիպեր իր ընկերոջը՝ Գուստավ Հարթմանի հետ, սակայն հանդիպումը չկայացավ։
Հարթմանը, անհանգստանալով, որ Սինդելարը չի ժամանել հանդիպմանը, գնում է ֆուտբոլիստի բնակարան և ննջասենյակոմ հայտնաբերում է երկու դի։ Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ Սինդելարի և նրա ընկերուհու մահը վրա է հասել գազի արտահոսքի պատճառով։ Այդ ամենին բազմաթիվ ավստրիացիներ, բնականաբար, չհավատացին՝ կարծելով, որ նացիստների ձեռքերը, ի վերջո, հասան նաև ֆուտբոլիստին, ովքեր վերացրին նրան։
Մաթեուսի ընկերները ստիպված էին համաձայնել ոստիկանության պաշտոնական արձանագրության հետ, քանի որ նրանց սպառնում էին, որ թույլ չեն տա կազմակերպել և անցկացնել նախկին ֆուտբոլիստի հուղարկավորության արարողությունը։ Սինդելարի թաղմանը ներկա է եղել 20 հազար մարդ․ նրա համար սգում էին նաև նրանք, ովքեր հրճվանքով ընդունեցին Ավստրիայի՝ Երրորդ Ռեյխի միացման գաղափարը։
Սինդելարն իր խաղով, ոգու ըմբոստությամբ ու նվիրավածությամբ չձուլվեց ու չդարձավ ամբոխի մի մաս, այլ առանձնացավ ու դասվեց այն մարդկանց շարքին, ովքեր փոխեցին աշխարհը։ Նրան մինչ օրս էլ շարունակում են համեմատել և ասոցացնել համաշխարհային կոմպոզիտորներ Ֆրանց Շուբերտի, Յոհան Շտրաուսի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, նկարիչ Գուստավ Կլիմտի և հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի հետ։
Սինդելարի ֆենոմենը շատ պարզ է․ ահեղ տաղանդը մահացավ անժամանակ, ինչպես ավստրիական ֆուտբոլային մշակույթը։
Մնում է միայն գուշակել, թե ինչպիսի հաջողություններից զրկվեց Ավստրիայի հավաքականը։ Նրա ճակատագիրը վառ ապացույցն է այն բանի, որ սպորտն ու առօրյա կյանքն անբաժան մասնիկներ են։ Տոտալիտար ֆուտբոլը ներխուժում է ֆուտբոլ՝ դարձնելով այն պրոպագանդիստական զենք։ Մեզ մնում է միայն հիանալ այնպիսի անհատների նվիրավածությամբ, ինչպիսին էր Մատիաս Սինդելարը։
Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադոլֆ Հիտլեր, Ավստրիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Մաթիաս Սինդելար, վերլուծություն