ՕԽ. Ռիչարլիսոնի բենեֆիսը. Բրազիլիան գոլառատ խաղում հաղթեց Գերմանիային🎥
Տոկիո-2020-ի շրջանակում ավարտվեց ֆուտբոլի մրցաշարի խմբային փուլի 1-ին տուրը, որի վերջին խաղում մրցաշարի գործող չեմպիոն Բրազիլիայի օլիմպիական հավաքականը D խմբի շրջանակում մրցեց գործող փոխչեմպիոն Գերմանիայի օլիմպիական ընտրանու դեմ։
Հանդիպման առաջին կեսում հարավամերիկացիները քարը քարի վրա չթողեցին «բունդեսմանշաֆթին»` մրցակցի դարպասն ուղարկելով երեք գնդակ։
Հատկանշական է, որ բրազիլացիների բոլոր գոլերն իր անվան դիմաց գրանցեց Ռիչարլիսոնը և դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
23-ամյա հարձակվողն իր գոլերը խփեց համապատասխանաբար 7-րդ, 22-րդ ու 30-րդ րոպեներին։
Նախքան ընդմիջման գնալը Բրազիլիան կարող էր ևս մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն Մաթեուս Կունիայի իրացրած 11-մետրանոցից հետո Գերմանիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ֆլորիան Մյուլլերը, ով հետ մղեց գնդակը։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «պենտակամիոնների»` 3 գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում` 57-րդ րեպեին, գերմանացիները Նադիմ Ամիրիի ջանքերով մեկ գնդակ հետ բերեցի, իսկ հաշիվը դարձավ 3:1։
Խփած գոլից հետո Շտեֆան Կուրցի սաները փորձում էին բեկել խաղի ընթացքը, սակայն 63-րդ րոպեին Գերմանիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Մաքսիմիլիան Առնոլդը։
Այդ դրվագից հետո հանդիպումը մասամբ հանդարտվեց, սակայն 83-րդ րոպեին գերմանացիները նույնիսկ տասը ֆուտբոլիստներով ևս մեկ գնդակ հետ բերեցին, որն իր անվա դիմաց գրանցեց Ռագնար Ախեն։
Թրկել խաղը «բունդեսմանշաֆթի» ֆուտբոլիստները չկարողացան։ Դեռ ավելին` այս հանդիպման վերջակետը դրեցին Անդրե Ժարդինի սաները, ովքեր 90+4-րդ րոպեին Պաուլինիոյի ջանքերով հաշիվը դարձրին 4:2։
Այսպիսով, Բրազիլիայի օլիմպիական հավաքականը գոլառատ խաղում 4:2 հաշվով հաղթեց Գերմանիային և 3 միավորով գլխավորեց D խումբը։
Այս խմբում կայացել է ևս մեկ խաղ. Կոտ’դ Իվուարը 2:1 հաշվով հաղթել է Սաուդյան Արաբիային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Ժարդին, Բրազիլիայի օլիմպիական հավաքական, Գերմանիայի օլիմպիական հավաքական, Մաթեուս Կունյա, Մաքսիմիլիան Առնոլդ, Նադիմ Ամիրի, Շտեֆան Կուրց, Պաուլինիո-Բայեր, Ռագնար Ախե, Տոկիո-2020, Օլիմպիական_խաղեր, Ֆլորիան Մյուլլեր