Գոլառատ խաղ Լոնդոնում․ Արսենալը տպավորիչ Comeback արեց 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմը» Լոնդոնի «Օլիմպիական» մարզադաշտում ընդունեց «Արսենալին»։
Հանդիպման մեկնարկը պարզապես շոկային ստացվեց «Արսենալի» ֆուտբոլիստների համար, քանի որ «մրճահարների» գրեթե բոլոր լուրջ գրոհները վերածվում էին խփած գնդակի։
Այդկերպ Դևիդ Մոյեսի սաները հանդիպման 32-րդ րոպեի դրությամբ ստացել էին 3 գնդակի առավելություն, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Ջեսի Լինգարդը, Ջարեդ Բոուենը և Տոմաշ Սոուչեկը։
«Զինագործները» փորձեցին ուշքի գալ և 38-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին․ Սոուչեկն այս անգամ գրավեց սեփական դարպասը, իսկ հաշիվը դարձավ 3։1։
Այդ հաշվի պայմաններում էլ կողմերն ընդմիջման գնացին։
Երկրորդ կեսը մեկնարկել էր Միկել Արտետայի թիմի առավելությամբ, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 61-րդ րոպեին հաշիվը դարձավ արդեն 3։2․ այս անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Քրեյգ Դոուսոնը՝ գրավելով սեփական դարպասը։
«Արսենալի» ֆուտբոլիստները խփած երկրորդ գնդակից հետո զգացին խաղը և սկսեցին ավելի վստահ գործել՝ նետվելով առաջ՝ փրկելու հանդիպումը, ինչի հետևանքով էլ պաշտանությունում սկսեցին բացեր թողնել։
Այդ բացերից էլ փորձեցին օգտվել «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստները, ովքեր բավական վտանգավոր հակագրոհում էին, սակայն Մայքլ Անտոնիոն և Ջարեդ Բոուենը նպաստավոր դիրքերից վրիպեցին։
Չիրացրած պահերի համար տանտերերը պատժվեցին, քանի որ 82-րդ րոպեին ընդհանրապես կորցրին իրենց առավելությունը․ փոխարինման դուրս եկած Նիկոլա Պեպեի փոխանցումից հետո Ալեքսանդր Լակազետը վերականգնեց հաշվի հավասակշռությունը։
85-րդ րոպեին «Վեսթ Հեմը» կրկին կարող էր առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Դեկլան Ռայսի հարվածից հետո «Արսենալին» փրկեց դարպասպահ Բերնդ Լենոն։
Խաղավարտին մոտ այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ խաղն ավարտվեց 3։3 հաշվով։
Այսպսիով, «Արսենալը» կարողացավ ուշքի գալ շոկային մեկնարկից հետո և տպավորիչ Comeback իրականացրեց՝ հետ բերելով երեք գնդակի տարբերությունը։
Այս ոչ-ոքիից հետո «Վեսթ Հեմը» վաստակեց 49 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։
«Արսենալն» էլ վաստակեց 42 միավոր և բարձրացավ 9-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am