Վալենսիան նոր գլխավոր մարզիչ կունենա
Իսպանական «Վալենիայի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվելու Կառլոս Կորբերանը, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի` կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնացրել։ 41-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինելու է դեկտեմբերի 23-ին աշխատանքից ազատված Ռուբեն Բարախային։
Վերջինս «չղջիկներին» մարզում էր 2023 թ. փետրվարից։ Ակումբը նրա գլխավորությամբ 78 խաղում տարել է 26 հաղթանակ, գրանցել 20 ոչ-ոքի, կրել 32 պարտություն։
Կորբերանն այժմ մարզում է անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Վեսթ Բրոմվիչը»։ «Վալենսիան» իսպանացի մարզչի պայմանագրի խզման համար փոխհատուցում է վճարելու. գումարի չափը չի բարձրաձայնվում։
Կորբերանն Ուեսթ-Բրոմիջ քաղաքը ներկայացնող ակումբը մարզում է 2022 թ. հոկտեմբերից։ «Վեսթ Բրովիչը» Չեմպիոնշիփի ընթացիկ առաջնությունում 22 խաղում 35 միավոր է վաստակել և 7-րդ տեղում է։ Նա ժամանակին «Լիդսում» եղել է արգենտինացի անվանի մասնագետ Մարսելո Բիելսայի օգնականը, մարզել է նաև հունական «Օլիմպիակոսը», անգլիական «Հադերսֆիլդը», կիպրական «Դոքսա Կատոկոպիան» և «Էրմիսը», աշխատել է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» ու «Ալ Իթիհադի», իսպանական «Վիլյառեալի» համակարգում։
Հավելենք, որ Իսպանիայի 6-ակի չեմպիոն «Վալենսիան» Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 17 խաղում վաստակել է ընդամենը 12 միավոր և նախավերջին` 19-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լա-լիգա, Լիդս, Կարլոս Կորբերան, Մարսելո Բիելսա, Չեմպիոնշիփ, Ռուբեն Բարախա, Վալենսիա, Վեսթ Բրոմվիչ