Սիթիում կորոնավիրուսի լուրջ համաճարակ է․ Չելսիի ու Յունայթեդի դեմ հանդիպումների կայացումն էլ է վտանգված
«Մանչեսթեր Սիթին» լուրջ խնդրի առջև է կանգնած կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։ Դեկտեմբերի 28-ին Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի շրջանակում «քաղաքաբնակները» պետք է հյուրընկալվեին «Էվերտոնին», սակայն հանդիպումը դրա պատճառով հետաձգվեց։
Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը, կիրակի օրը՝ դեկտեմբերի 27-ին, ակումբի միանգամից երեք ֆուտբոլիստներ կորոնավիրուսի դրական թեստ են հանձնել, իսկ դրանից երկու օր առաջ «Սիթին» պաշտոնապես հայտնեց, որ վարակված են եզրային պաշտպան Կայել Վոլքերն ու հարձավող Գաբրիել Ժեզուսը, ինչպես նաև ակումբի երկու աշխատակիցներ։ Բոլոր ֆուտբոլիստների մոտ հիվանդությունն ընթանում է առանց ախտանշանների, իսկ մարզչական շտաբը նրանց անհատական մարզումներ անցկացնելու ծրագիր է տվել։
Հատկանշական է, որ առաջիկա օրերին եթե «Մանչեսթեր Սիթիի» ներկայացուցիչներից որևէ մեկը կրկին հանձնի կորոնավիրուսի դրական թեստ, ապա ակումբը մարզումները վերսկսելու թույլտվություն չի ստանա։ Իրադարձությունների նման զարգացման դեպքում, հավանական է, կհետաձգվեն «Մաչեսթեր Սիթիի» ևս երկու հանդիպումներ։ Խոսքը հունվարի 3-ին և 6-ին նախատեսված հանդիպումների մասին է․ այդ օրերին «Սիթին» համապատասխանաբար ԱՊԼ-ի 17-րդ տուրի և Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակում պետք է մրցի «Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
# Carabao Cup, Անգլիայի լիգայի գավաթ, ԱՊԼ, Գաբրիել Ժեզուս, Էվերտոն, Կայել Վոլքեր, կորոնավիրուս, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Չելսի