Հիասքանչ ֆուտբոլ Հռոմում․ Միլանը չեմպիոնական պայքարի մեջ է🎥
Իտալական Ա սերիայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ռոման» սեփական հարկի տակ մրցեց «Միլանի» դեմ։
Հանդիպումը գերակտիվ մեկնարկեցին «Միլանի» ֆուտբոլիստները, ովքեր խաղի հենց 1-ին րոպեից պարզապես պաշարել էին հռոմեական ակումբի դարպասը։
Ստեֆանո Պիոլիի սաները նույնիսկ երկու անգամ գրավեցին «գայլերի» դարպասը, սակայն ինչպես Ֆիկայո Թոմորիի, այնպես էլ Զլատան Իբրահիմովիչի խփած գնդակները խաղից դուրս վիճակի պատճառով չեղարկվեցին, իսկ 27-րդ րոպեին Սիմոն Կյայերի հարվածից հետո «Ռոմային» հորիզոնական դարպասաձողը փրկեց։
Նույնիսկ ակնհայտ էր, որ «Միլանի» բախտը որոշ դրվագներում չէր բերում, քանի որ «Ռոման» հրաշքով էր փրկվում վերահաս գոլից։
Մայրաքաղաքային ակումբը երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում առաջարկել մրցակցին։ Հիշատակաման է արժանի միայն Հենրիխ Մխիթարյանի դրվագը, երբ հայ կիսապաշտպանը հարվածային դիրքում էր հայտնվել, սակայն նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածը մի փոքր շեղ ստացվեց։
Հավելենք, որ առաջին կեսում Հենոն նույնպես գոլի հեղինակ դարձավ, սակայն այն չեղարկվեց, քանի որ մինչ այդ հռոմեական ակումբի ֆուտբոլիստները կանոնների խախտում էին թույլ տվել։
«Ռոսոներիների» առավելությունն իր արդյունքը տվեց այնտեղ, որտեղ գրեթե ոչ-ոք չէր սպասում, քանի որ 41-րդ րոպեին Դավիդե Կալաբրիայի նկատմամբ տանտերերի տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեցին, սակայն հանդիպումը շարունակվեց մոտ 30 վայրկյան, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Մարկո Գվիդոն, VAR համակարգի օգնությամբ դիտելով տեսակրկնապատկերը, նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ֆրանկ Կեսիեն։
Առաջին կեսում «կարմրասևերի» առավելությունն ավելի լավ ի ցույց դնելու համար նշենք, որ հյուրերը միայն 45 րոպեների ընթացքում կատարեցին 14 հարված, որոնցից 10-ը դիպուկ են եղել, իրացրել են 6 անկյունային հարված և անցկացրել 24 վտանգավոր գրոհ։
Կողմերն ընդմիջման գնացին «Միլանի» նվազագույն առավելությամբ։
Երկրորդ կեսի մեկնարկը առաջինի հակապատկերն էր, քանի որ այն ակտիվ մեկնարկեցին Պաուլու Ֆոնսեկայի սաները և 50-րդ րոպեին հավասարեցրին խաղի հաշիվը։ Լեոնարդո Սպինացոլան հարձակման ձախ եզրով մոտեցավ մրցակցի տուգանային հրապարակին և փոխանցում կատարեց դեպի Ժորդան Վերետուն, վերջինիս հարվածն էլ անկասելի ստացվեց, իսկ «Օլիմպիկո» մարզադաշտի լուսատախտակին վառվեց 1։1 հաշիվը։
«Ռոմայի» ուրախությունն անչափ կարճ տևեց, քանի որ ընդամենը 8 րոպե անց Ալեքսիս Սալեմակերսը հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Անտե Ռեբիչին, ով էլ «Միլանին» կրկին առաջ մղեց։
Հանդիպման մնացած ժամանակահատվածն էլ անչափ թեժ էր ու կրքոտ։ Ինչպես հանդիպման սկզբնամասում, այնպես էլ երկրորդ կեսի միջնամասից սկսած երկու ակումբները շարունակում էին բաց ֆուտբոլ ցուցադրել՝ փոխանակվելով գրոհներով։
«Ռոման» նետվել էր առաջ, որպեսզի փրկի խաղը, ինչին փորձում էր նպաստել նաև Հենրիխ Մխիթարյանը։ Միայն 32-ամյա ֆուտբոլիստը երեք անգամ հիանալի դիրքերից վրիպեց։ Դրվագներից մեկում Մխիթարյանի հարվածը բարձր ստացվեց, իսկ հաջորդ երկու դրվագներում «Միլանին» փրկեց Ջանլուիջի Դոնարուման։ Ընդհանրապես, Հենոն շատ ակտիվ հանդիպում անցկացրեց։
Հռոմեական ակումբը, երկրորդ կեսը որակական առումով անցկացնելով շատ ավելի լավ, չկարողացավ խուսափել պարտությունից։
Այսպիսով, «Միլանն» ու «Ռոման» մեզ՝ ֆուտբոլասերներիս, պարզապես, ֆանտաստիկ հանդիպում պարգևեցին։ Երկու ակումբները միասին վերցրած 35 հարված կատարեցին, որոնցից 23-ը դիպուկ է եղել, իրացրել են 13 անկյունային, ինրպես նաև անցկացրել են 82 վտանգավոր գրոհ։
«Միլանը» հաղթեց 2։1 հաշվով, վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է Ա սերիայի ընթացիկ առաջնության 2-րդ հորիզոնականը՝ առաջատար «Ինտերին» զիջելով 4 միավոր։
«Ռոման» մնաց 44 միավորով և զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անտե Ռեբիչ, Ժորդա Վերետու, Հենրիխ-Մխիթարյան, Միլան, Պաուլու Ֆոնսեկա, Ռոմա, Ստեֆանո Պիոլի, Ֆրանկ Կեսիե