Ռոման չդիմացավ անդալուսական ճնշմանը🎥
Ավելի քան 6 ամիս անց վերսկսվել են նաև եվրագավաթային մրցաշարերը։ Կայանում են Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումները։
1/8 եզրափակչի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Սևիլիան» ու «Ռոման»։ Հանդիպումը կայացավ Գերմանիայում՝ Դյուսբուրգի «MCB-Արենա» մարզադաշտում։ Դիմակայության առաջին հանդիպումը պետք է կայանար սույն թվականի մարտի 13-ին «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում, սակայն վրա հասած կորոնավիրուսի համաճարակը այդպես էլ թույլ չտվեց, որպեսզի խաղը կայանա, այդ պատճառով էլ որոշվեց դիմակայությունն անցկացնել մեկ խաղով՝ չեզոք մարզադաշտում։
Հանդիպման հենց մեկնարկից անդալուսական ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ ստեղծելով գոլային պահեր։ Հատկապես հիշատակման են արժանի Լուկաս Օկամպոս և Ժյուլ Կունդեի դրվագները։ Առաջին դրվագում հռոմեական ակումբին փրկեց Պաու Լոպեսը, իսկ ֆրանսիացի պաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզանական դարպասաձողին։
22-րդ րոպեին, ի վերջո, «Սևիլիան» բացեց հաշիվը․ գեղեցիկ անցումից հետո աչքի ընկավ Սերխիո Ռեգիլոնը։ Եվս 22 րոպե անց՝ 44-րդ րոպեին, հաշիվը դարձավ արդեն 2։0։ Խուլիեն Լոպետեգիի սաները նետվեցին արագ հակագրոհի, ինչի արդյունքում Լուկաս Օկամպոսը Յուսուֆ Էն-Նեսերիին դուրս բերեց դատարկ դարպասի դիմաց, ով էլ չվրիպեց նպաստավոր դիրքից։
Երկրորդ խաղակեսում հռոմեական ակումբը փորձեց որոշ բան փոխել խաղում, սակայն «գայլերն» անչափ իներտ էին գործում՝ չկարողանալով որևէ լուրջ բան առաջարկել մրցակցի դարպասի մոտակայքում։ Դեռ ավելին՝ «Սևիլիան» կարող էր հաղթել ավելի խոշոր հաշվով։ 74-րդ րոպեին Մունիրի փոխանցումից հետո Ժյուլ Կունդեն դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավար Բյորն Կյուրպերսը չհաշվեց գոլը՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։ 90+1-րդ րոպեին էլ Էվեր Բանեգայի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը կրկին դիպավ դարպասաձողին։
Հավելենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
Այսպիսով, «Սևիլիան» դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Վուլվերհեմպտոն» – «Օլիմպիակոս» զույգի հաղթողի դեմ։
Զուգահեռաբար ընթանում էր նաև «Բայեր» – «Ռեյնջերս» հանդիպումը, որն ավարտվեց Լևերկուզենը ներկայացնող ակումբի հաղթանակով՝ 1։0։ Խաղի միակ գնդակը 51-րդ րոպեին խփեց Մուսա Դիաբին։
Գերմանական ակումբը հաղթեց ընդհանուր 4։1 հաշվով և պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչ փուլում։ «Բայերը» քառորդ եզրափակիչում կմրցի «Ինտերի» դեմ։
# Բայեր Լևերկուզեն, Եվրոպա-լիգա, Լուկաս Օկամպոս, Հենրիխ-Մխիթարյան, Յուսուֆ Էն-Նեսերի, Ռեյնջերս, Ռոմա, Սերխիո Ռեգիլոն, Սևիլիա