Ռեալ Սոսիեդադը փչացրեց Բարսելոնայի չեմպիոնական տրամադրությունը` հաղթելով «բլաուգրանային»🎥
Իսպանական Լա լիգայի 35-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալվելիս մրցեց առաջնության նորընծա չեմպիոն «Բարսելոնայի» դեմ։
Բասկյան ակումբը, որը պայքարում է Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար, կարողացավ 2:1 հաշվով հաղթել «բլաուգրանային»։
Սան Սեբաստիանից ժամանած հյուրերի գոլերը խփեցին Միկել Մերինոն ու Ալեքսանդր Սյորլոթը։
Խավիի թիմից էլ աչքի ընկավ Ռոբերտ Լևանդովսկին, ով Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում խփեց իր 22-րդ գոլն ու շարունակում է գլխավորել լավագույն ռմբարկուների ցուցակը։
Այս հաղթանակից հետո «Ռեալ Սոսիեդադը» վաստակեց 65 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
Նշենք, որ Իմանոլ Ալգուասիլի թիմն առաջնության ավարտից 3 տուր առաջ 5 միավորով առաջ է անցել 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վիլյառեալից»։
«Բարսելոնան» մնաց 85 միավորով և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։
Վերջում հավելենք, որ Լա լիգայի ընթացիկ խաղարկությունում «կապտանռնագույնները» սեփական հարկի տակ կրեցին առաջին պարտությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Սորլոտ, Բարսելոնա, Իմանոլ Ալգուասիլ, Լա-լիգա, Խավի, Միկել Մերինո, Չեմպիոնների-լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Ռոբերտ-Լևանդովսկի