Ռաուլը, հնարավոր է, գլխավորի Լա լիգան ներկայացնող ակումբը
«Խետաֆեում», հնարավոր է, շուտով մարզչական փոփոխություն տեղի ունենա։
Բանն այն է, ինչպես հայտնում է Marca-ն, «Խետաֆեի» գլխավոր մարզիչ Պեպե Բորդալասը մտադիր է չերկարաձգել պայմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է սույն թվականի հունիսի 30-ին։
59-ամյա մասնագետը Լա լիգայի 2022/23 մրցաշրջանի ավարտից 7 տուր առաջ գլխավորեց «Խետաֆեն» և ակումբին օգնեց առաջնությունն ավարտել 15-րդ հորիզոնականում` պահպանելով տեղն ուժեղագույնների խմբում։
Աղբյուրի փոխանցմամբ` «ազուլոնեսի» նախագահ Անխել Տորեսը ցանկանում է, որ Բորդալասը շարունակի մնալ պաշտոնում, սակայն վերջինս մտադիր է ընդմիջում վերցնել, հանգստանալ առաջնության լարված վերջաբանից ու դիտարկել նաև այլ առաջարկներ։
Հաղորդվում է, որ Բորդալասի ամենահավանական փոխարինողը «Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլն է։
Սպասվում է, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Ռաուլը կլքի «Ռեալի» համակարգը, քանի որ ցանկանում է ավելի բարձր մակարդակում փորձել ուժերը։
45-ամյա մասնագետի գլխավորությամբ «Կաստիլիան» Սեգունդա Բ-ի (խմբ.` նշանակությամբ Իսպանիայի երրորդ դիվիզիոնը) 2022/23 մրցաշրջանում առաջին ենթախմբում զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը, ինչն ակումբին թույլ տվեց դուրս գալ փլեյ-օֆֆ փուլ ու պայքարել Սեգունդայի ուղեգրի համար։
Այդուհանդերձ, ակումբը փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում հյուրընկալվելիս 2:4 հաշվով պարտվել է «Բարսելոնա Բ»-ին և պատասխան խաղից առաջ հայտնվել բարդ իրավիճակում։
Հավելենք, որ Ռաուլը «Կաստիլիան» մարզում է 2019 թ. հուլիսից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Խետաֆե, Կաստիլիա, Պեպե Բորդալաս, Ռաուլ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ