Ռայո Վալեկանոյի երկրպագուն փորձել է մատը մտցնել Օկամպոսի «համապատասխան վայրը» 🎥
Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի վերջին խաղում «Սևիլիան» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Ռայո Վալեկանոյին»։
Հանդիպման 33-րդ րոպեին արտառոց դեպք է տեղի ունեցել. «Ռայոյի» երկրպագուներից մեկը, մտադիր լինելով սադրել անդալուսական ակումբի հարձակվող Լուկաս Օկամպոսին, փորձել է մատը մտցնել նրա «համապատասխան վայրը»։
Դեպքը տեղի է ունեցել, երբ արգենտինացի ֆուտբոլիստը եզրային նետում էր իրացնում և շատ մոտ է եղել «Կամպո դե Վալյեկաս» մարզադաշտի տրիբունաներից մեկին։
Երկրպագուի այդ քայլը զայրացրել է Օկամպոսին, ով մոտեցել է «Ռայո Վալեկանոյի» ֆուտբոլիստներին` խնդրելով կարգի հրավիրել երկրպագուին։
Բարեբախտաբար, հանդիպումն առանց լուրջ միջադեպերի շարունակվել է։
Հանդիպումից հետո «Սևիլիան» կատարվածի առթիվ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ.
«Ցանկանում ենք անդրադառնալ այն տհաճ ու զզվելի միջադեպին, որին բախվեց մեր ֆուտբոլիստ Լուկաս Օկամպոսը «Ռայո Վալեկանոյի» դեմ կայացած խաղում, ով տանտերերի երկրպագուի կողմից ենթարկվեց անպարկեշտ և բոլորվին անպատշաճ արարքի։
Ակումբը հուսով է, որ կանոնակարգում նշված համապատասխան միջոցները կձեռնարկվեն` ֆուտբոլային դաշտում նման վարքագծի կրկնությունը կանխելու համար։ Մենք մեր մտահոգությունն ուղղակիորեն հայտնել ենք Լա լիգային։
Նման միջադեպերը պետք է բացառվեն և չկրկնվեն, եթե Լա լիգան ցանկանում է լինել լավագույն առաջնությունը։
«Սևիլիան» անվերապահորեն աջակցում է Լուկաս Օկամպոսին, ով դրսևորեց զսպվածություն և հսկայական պրոֆեսիոնալիզմ»,- նշված է անդալուսական ակումբի պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, որ Լուկաս Օկամպոսն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 32 հանդիպում` դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լա-լիգա, Լուկաս Օկամպոս, Ռայո Վալեկանո, Սևիլիա