Զախարյանի տրանսֆերային արժեքը կտրուկ աճել է՝ ավելանալով 7 անգամ
Հեղինակավոր Transfermarkt պորտալը, որը սահմանում է ֆուտբոլիստների ամենաօբյեկտիվ շուկայական արժեքները, հերթական անգամ թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների գները։
Վերջին թարմացման արդյունքում հսկայական գնային աճ է գրանցել «Դինամո Մոսկվայի» 17-ամյա հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ում տրանսֆերային արժեքը 500 հազար եվրոյից դարձել է 3․5 մլն եվրո՝ աճելով 7 անգամ։
Հատկանշական է, որ վերջին թարմացման արդյունքում Զախրյանը բոլոր ֆուտբոլիստների շրջանակում երկրորդ ամենաշատ առաջընթաց գրանցած ֆուտբոլիստն է։ Ամենաշատ արժեքային աճ գրանցել է «Ռուբինի» 20-ամյա վինգեր Խվիչա Կվարացխելիան, ում գինը 10 մլն եվրոյից դարձել է 15 մլն՝ ավելանալով 5 մլն եվրոյով։
Հիշեցնենք, որ Զախարյանը «Կիռլյա Սովետովի» սան է, սակայն 2017 թվականից հանդես է գալիս «Դինամոյի» համակարգում, որի գլխավոր թիմի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի 13-րդ տուրի «Տամբովի» դեմ կայացած խաղում դուրս գալով փոխարինման 78-րդ րոպեին։
Պատանի ֆուտբոլիստը մինչ այս պահը մոսկովյան ակումբի կազմում անցկացրել է արդեն 8 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Զախարյանը նաև Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի անդամ է, որի կազմում էլ վերջերս մասնակցեց Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլին և անկցացրած 3 խաղում դարձավ 1 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Խվիչա Կվարացխելիա, Ռուբին, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքական, ՌՊԼ