ՊՍԺ-ն պատժում է Յունայթեդին 🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը մետնում է ավարտին։ 5-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց ՊՍԺ-ի դեմ։
Հանդիպումը միանգամից մեկնարկեց փարիզյան ակումբի խփած գոլով։ 6-րդ րոպեին Թոմաս Տուխելի թիմին առաջ մղեց Նեյմարը։
Բաց թողած գոլից հետո «Յունայթեդի» ֆուտբոլիստները սկսեցին քիչ-քիչ տիրել հանդիպման նախաձեռնությանը, ինչն էլ նպաստեց, որ 32-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ խաղակեսի սկզբում «կարմի սատանաները» ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն թե՛ Անտոնի Մարսիալը, թե՛ Էդինսոն Կավանաին անչափ նպաստավոր դիրքերից վրիպեցին։
ՊՍԺ-ն էլ պատասխանեց իր ստեղծած երկու գոլային պահերով, սակայն Մարկինիոսի հարվածը դիպավ դարպասաձողին, իսկ Միտչել Բակերի հարվածից հետո Դավիդ դե Խեան փրկեց իր թիմին։
69-րդ րոպեին «Փարիզը», ի վերջո, առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինի խաղարկումից հետո Մարկինիոսը խառնաշփոթ իրավիճակում գրավեց դարպասը, իսկ հաջորդ րոպեին Ֆրեդը կոպիտ խաղի համար երկրորդ անգամ զգուշացվեց դեղին քարտով, հեռացվեց խաղադաշտից և իր թիմին թողեց ծանր կացության մեջ։
Վերջնամասում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները փորձեցին հանգստացնել խաղը, սակայն, նույնիսկ 10 ֆուտբոլիստներով մնացած մանկունյական ակումբը կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել, որոնք գոլի վերածել չհաջողվեց։
Խաղավերջում, երբ «Յունայթեդի» ֆուտբոլիստները գրեթե ամբողջ կազմով նետվել էին առաջ, որպեսզի փրկեն հանդիպումը, գոլային հակագրոհ բաց թողեցին, ինչի արդյունքում Նեյմարը 90+1-րդ րոպեին իր հաշվին դուբլ գրանցեց և դրեց հանդիպման վերջակետը։
Այսպիսով, «Պարի Սեն-Ժերմենը» 1։3 հաշվով գերկարևոր հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ և վերջին տուրում սեփական հարկի տակ «Իստամբուլ Բաշակշեհիրին» հաղթելու դեպքում միանշանակ դուրս կգա 1/8 եզրափակիչ։
H խմբի մյուս խաղում «Լայպցիգը» թրիլլերային սցենարում ընթացած խաղում 3։4 հաշվով հաղթեց «Բաշակշեհիրին», ինչից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը․
1․ «Մանչեսթեր Յունայթեդ» – 9 միավոր
2․ ՊՍԺ – 9 միավոր
3․ «Լայպցիգ» – 9 միավոր
4․ «Իստամբուլ Բաշակշեհիր» – 3 միավոր
# Իստամբուլ Բաշակշեհիր, Լայպցիգ, Մանչեսթեր-Յունայթեդ, Մարկինիոս, Մարկուս-Ռեշֆորդ, Նեյմար, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ