ՊՍԺ-ն Մբապեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկ է ստացել ԱՊԼ-ն ներկայացնող ակումբից
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։
Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը չի բացառում, որ, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ վաճառի 22-ամյա ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենին» դեռևս չի հաջողվում նոր պայմանագիր կնքել Մբապեի հետ, որն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին։
«Փարիզը» նրան «5+1» ձևաչափով պայմանագիր է առաջարկել և աշխատավարձի էական բարելավում, սակայն նույնիսկ այդ դեպքում նա եկամտի տեսանկյունից կլինի ակուկբի երրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը` զիջելով Լեո Մեսսիին ու Նեյմարին։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն Մբապեին վաճառելու տարբերակը կդիտարկի միայն այն դեպքում, եթե ստանա գոհացնող առաջարկ։
Ներկա պահին ֆրանսիացի հարձակվողի հետ կապված միայն Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբներից մեկն է «Փարիզին» առաջարկ կատարել, որը տեղի է ունեցել նախորդ շաբաթ։ Ակումբի անունը դեռևս չի բացահայտվում։
Կիլիան Մբապեի հարցում պայքարի մեջ է նաև «Ռեալ Մադրիդը», որը նույնպես առաջարկ է պատրաստում։ Մադրիդյան ակումբն իր առաջարկը, ըստ տեղեկությունների, անելու է օգոստոսի 30-ին և պատրաստ է նրա դիմաց վճարել 130-170 մլն եվրո։
Հայտնի է նաև, որ ինքը` Մբապեն, ցանկանում է տեղափոխվել հենց «Ռեալ»։
Հավելենք, որ ֆրանսիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ի շրջանակում մասնակցել է 3 հանդիպման` դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ