Պաշտոնական. Ֆիլիպե Կոուտինիոն փոխեց ակումբային գրանցումը
Ինչպես տեղեկացնում է «Աստոն Վիլլայի» պաշտոնական կայքը, ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյին։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թ. հունիսի 30-ը, որի ավարտից հետո Բիրմինգհեմը ներկայացնող ակումբն ունենալու է բրազիլացի ֆուտբոլիստին գնման իրավունք։
Հաղորդվում է, որ «Վիլլան» վճարելու է 29-ամյա աշխատավարձի մի մասը, որի չափը չի բարձրայանվում։
Հանարահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Instagram-ի իր էջում գրում է, որ Կոուտինիոն առաջիկա ժամերին կմեկնի Բիրմինգհեմ, որպեսզի բուժզննում անցնի և ավարտին հասցնի իր տեղափոխությունը, սակայն մինչ այդ նա Մեծ Բրիտանիայի կառավարությունից պետք է ստանա աշխատանքի իրավունք։
Հատկանշական է, որ «Բարսելոնան», վարձավճարով բաց թողնելով Կոուտինիոյին, կկարողանա հայտավորել նաև թիմի նորեկ Ֆերրան Տորեսին։
Նշվում է նաև, որ Կոուտինիոն Պրեմիեր լիգան ներկայացնող 3 այլ ակումբներից նույնպես ունեցել է առաջարկներ, սակայն այս տրանսֆերի կայացման հարցում վճռորոշ դեր է խաղացել բրազիլացի կիսապաշտպանի նախկին խաղընկեր Սթիվեն Ջերարդը, ով ներկայումս «Ատսոն Վիլլայի» գլխավոր մարզիչն է։
Այսպիսով, Ֆիլիպե Կոուտինիոն 4 տարի անց վերադարձավ անգլիական Պրեմիեր լիգա, որի շրջանակում հանդես է եկել 2013-2018 թթ. (152 հանդիպում 41 գոլ և 37 գոլային փոխանցում)` պաշտպանելով «Լիվերպուլի» գույները։
Հիշեցնենք, որ Ֆիլիպե Կոուտինիոն «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2018 թ. հունվարին, և սա արդեն նրա երկրորդ վարձակալական տրանսֆերն է` որպես կատալոնական ակումբի ֆուտբոլիս։
29-ամյա ֆուտբոլիստը 2019/20 մրցաշրջանն անցկացրել է «Բավարիայի» կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստոն Վիլլա, Բարսելոնա, Սթիվեն Ջերարդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆիլիպե Կոուտինիո