Պաշտոնական. Մբապեն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ📸
Ինչպես տեղեկացնում է ՊՍԺ-ի պաշտոնական կայքը, ակումբը երկարաձգել է պայմանագիրը Կիլիան Մբապեի հետ։
Կողմերի միջև պայմանագիրը կնքվել է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
«Պարի Սեն-Ժերմենը» գործարքի մասին պաշտոնապես հայտարարեց հենց ակումբի երկրպագուների ներկայությամբ` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում` Լիգա 1-ի վերջին` 38-րդ տուրի շրջանակում «Մեցի» դեմ հանդիպումից առաջ։
Հավելենք, որ, ըստ իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրայի ունեցած տեղեկությունների, պայմանագրի երկարաձգումից հետո 23-ամյա հարձակվողի տարեկան աշխատավարձը կդառնա 50 մլն եվրո։
Մբապեն ևս 130 մլն եվրո հավելավճար կստանա` պայմանագիրը երկարաձգելու համար։
Սպասվում է, որ 23-ամյա հարձակվողը նոր պայմանագրով կարողանալու է ամբողջապես տիրապետել իր բոլոր իմիջային իրավունքներին։
Բացի դրանից, նա կարողանալու է ազդել նաև ակումբի ղեկավարության կայացրած որոշումների վրա։ Խոսքը գլխավոր մարզիչների և սպորտային տնօրենների նշանակման, ինչպես նաև տրանսֆերների իրականացման մասին է։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի ու ՊՍԺ-ի միջև նախորդ պայմանագիրն ավարտվում էր սույն թվականի հունիսի 30-ին, ու շատ մեծ հավանականություն կար, որ ֆրանսիացի հարձակվողն ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Ռեալ Մադրիդ»։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ «արքայական» ակումբը 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել Մբապեի հետ։
Դրան զուգահեռ, ֆուտբոլիստի մայրը` Ֆայզա Լամարին, մայիսի 20-ին հայտնեց, որ իր որդին համաձայնեցրած պայմանագիր ունի թե՛ «Ռեալի» և թե՛ ՊՍԺ-ի հետ, սակայն Մբապեի ընտրությունը, ի վերջո, կանգ առավ փարիզյան ակումբի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կիլիան-Մբապե, Նասեր Ալ-Հելայֆի, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆայզա Լամարի