Չեմպիոնների լիգայի արքան. Ռեալը հաղթեց Լիվերին` 14-րդ անգամ տիրանալով «ականջավոր գավաթին»🎥

Չեմպիոնների լիգայի արքան. Ռեալը հաղթեց Լիվերին` 14-րդ անգամ տիրանալով «ականջավոր գավաթին»🎥

29/05/2022 - 01:32

Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության եզրափակիչը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Լիվերպուլն» ու «Ռեալ Մադրիդը»։

Առաջ ընկնելով` նշենք, որ այս հանդիպումը չմեկնարկած պատմական ստացվեց, քանի որ, անվտանգության նկատառումներից ելնելով, այն մեկնարկեց 36 րոպե ուշացումով։

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա առաջին խաղակեսն ամբողջությամբ անցավ Յուրգեն Կլոպի թիմի խաղային մեծ առավելության պայմաններում, սակայն «Ռեալին» 5 անգամ փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան, իսկ դրվագներից երկուսում էլ գնդակը դիպավ դարպասաձողին։

44-րդ րոպեին «սերուցքայիններն» առաջին կեսում զարգացրած միակ վտանգավոր գրոհի ընթացքում Կարիմ Բենզեմայի ջանքերով բացեցին խաղի հաշիվը, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Կլեման Տյուրպենը տևական ժամանակ իր օգնականների հետ քննարկեց դրվագը և, ի վերջո, խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի մեկնարկում պատկերը նույնն էր. մերսիսայդյան ակումբը գրոհում էր, իսկ Կառլո Անչելոտիի թիմն` անձուրաց պաշտպանվում։

Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասի ուղղությամբ վտանգավոր գրոհները հաջորդում էին մեկը մյուսին, սակայն 59-րդ րոպեին «Ռեալի» ֆուտբոլիստները նետվեցին «կայծակնային» հակագրոհի և կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով բացեցին խաղի հաշիվը. աչքի ընկավ Վինիսիուսը։

Բաց թողած գոլից հետո Յուրգեն Կլոպը դաշտ դուրս բերեց իր զինանոցի ողջ ներուժը։

Խաղավերջում մերսիսայդյան ակումբը հսկայական ճնշում էր գործադրում մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն Կուրտուան որոշ դրվագներում հրաշքներ էր գործում։

Նշենք, որ բելգիացի դարպասապահն այս խաղում կատարեց 9 սեյվ։

Ի վերջո, «Ռեալ Մադրիդը» մեծ դժվարությամբ պահպանեց հաղթական հաշվն` առավելության հասնելով 1:0 հաշվով։

Այսպիսով, «արքայական» ակումբը 14-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022