Չելսիի ևս երեք ֆուտբոլիստներ կտեղափոխվեն Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» կիսապաշտպան Նգոլո Կանտեն պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հետ` դառնալով Կարիմ Բենզեմայի թիմակիցը։
Հայտնի է դարձել նաև, որ «ազնվականների» ևս երեք ֆուտբոլիստներ կարիերան շարունակելու են Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբների կազմում։
Ըստ ինսյադեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների` խոսքը Հակիմ Զիեշի, Կալիդու Կուլիբալիի և Էդուար Մենդիի մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ` Զիեշը կարիերան շարունակելու է «Ալ Նասրի» կազմում, որի հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքելու։
հիշեցնենք, որ «Ալ Նասրի» կազմում հանդես է գալիս նաև Կրիշտիանու Ռոնալդուն։
Կալիդու Կուլիբալին տեղափոխվելու է «Ալ Հիլալ», որի հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։
Ակնկալվում է, որ սենեգալցի ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կլինի 30 մլն եվրո։
Ինչ վերաբերում է Էդուար Մենդիին, ապա սենեգալցի դարպասապահը 3 տարվա պայմանագիր է կնքելու «Ալ Ահլի» ակումբի հետ, որը 2022/23 մրցաշրջանի արդյունքներով նվաճել է Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Նշենք, որ Հակիմ Զիեշն «ազնվականների» կազմում հանդես էր գալիս 2020 թ. հուլիսից (107 հանդիպում, 14 գոլ և 13 գոլային փոխանցում), Էդուար Մենդին` 2020 թ. սեպտեմբերից (105 հանդիպում, 49 «չոր» խաղ), իսկ Կալիդու Կուլիբալին` 2022 թ. հուլիսից (32 հանդիպում, 2 գոլ և 1 գոլային փոխանցում)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Ահլի, Ալ Հիլալ, Ալ Նասր, Էդուարդ Մենդի, Կալիդու Կուլիբալի, Հակիմ-Զիեշ, Չելսի, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, տրանսֆերներ