Հալանդի Նորվեգիան շոկի ենթարկվեց թուրքերի կողմից🎥
Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման 2-րդ տուրի շրջանակում G խմբում Նորվեգիայի հավաքականը Մալագայում մրցեց Թուրքիայի հավաքականի դեմ։
Այս հանդիպումը նախապես որոշված էր, որ պետք է անցկացվեր Օսլոյում, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, տեղափոխվեց իսպանական Մալագա քաղաք։
Ինչ վերաբերում է բուն խաղին, ապա մի շարք աստղերով համալրված Նորվեգիայի հավաքականը ոչինչ չկարողացավ առաջարկել թուրքերին՝ պարտվելով 0։3 հաշվով։
Շենոլ Գյունեշի սաներն արդեն առաջին խաղակեսում երկու գնդակի առավելություն ստացան։ Նախ 4-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Օզան Թուֆանը, ապա 28-րդ րոպեին՝ կրկնապատկեց Չագլար Սոյունչուն։
Երկրորդ խաղակեսում սկանդինավյան հավաքականը նետվեց առաջ, որպեսզի փրկի հանդիպումը, ստեղծեց մի շարք գոլային պահեր, սակայն թուրքերն իրենց միակ իրական գոլային պահը վերածեցին գոլի․ 59-րդ րոպեին Թուֆանը դարձավ դուբլի հեղինակ, հաշիվը դարձեց 3։0՝ հանելով հաղթողի վերաբերյալ բոլոր հարցրերը։
Հավելենք, որ Նորվեգիայի հավաքականի կազմից բավական թույլ հանդիպում անցկացրեց «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը: 20-ամյա հարձակվողը կատարել է ընդամենը երկու հարված, որոնք շեղ են եղել, ինչպես նաև թույլ է տվել մեկ կանոնների խախտում՝ Whoscored վիճակագրական կայքի կողմից ստանալով ընդամենը 5․81 գնահատականը, ինչը դաշտում գտնված բոլոր ֆուտբոլիստների շրջանակում վատագույն ցուցանիշն է։
Հավելենք, որ այս խմբի մյուս երկու խաղերում Չեռնոգորիայի հավաքականը 4։1 հաշվով հաղթել է Ջիբրալթարին, իսկ Նիդերլանդները՝ 2։0 Լատվայի ընտրանուն։
G խումբը, կայացած երկու տուրերից հետո, ստացավ հետևյալ տեսքը․
1․ Թուրքիա – 6 միավոր
2․ Չեռնոգորիա – 6 միավոր
3․ Նիդերլանդներ – 3 միավոր
4․ Նորվեգիա – 3 միավոր
5․Լատվիա – 0 միավոր
6․ Ջիբրալթար – 0 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Էրլինգ Հալանդ, Թուրքիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Նորվեգիայի հավաքական, Շյոնել Գյունեշ, Չագլար Սոյունչու, Չեռնոգորիայի հավաքական, Ջիբրալթարի հավաքական, Օզան Թուֆան