Ներկայացում Էնֆիլդում. Բրայթոնը միավորներ խլեց Լիվերից🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Բրայթոնի» դեմ։
Հանդիպման հաշիվը բացվեց բավական արագ. արդեն 4-րդ րոպեին աչքի ընկավ Ջորդան Հենդերսոնը` առաջ մղելով «Լիվերպուլին»։
16-րդ րոպեին հյուրերը մոտ էին հաշիվը հավասարեցնելուն. հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Իվ Բիսուման, սակայն «Լիվերին» փրկեց Ալիսոն Բեկերը։
Այդ դրվագից հետո Յուրգեն Կլոպի սաներն իրենց հաջորդ լուրջ վտանգավոր գրոհը 24-րդ րոպեին վերածեցին գոլի, որի հեղինակը դարձավ Սադիո Մանեն։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը «Բրայթոնի» ֆուտբոլիստները մեկ գնդակ հետ բերեցին. 41-րդ րոպեին «կախած» հարվածով հիասքանչ գոլի հեղինակ դարձավ Էնոկ Մվեպուն։
Կողմերն ընդմիջման գնացին մերսիսայդյան ակումբի առավելությամբ` 2:1։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 48-րդ րոպեին, Մոհամեդ Սալահը կրկին առաջ մղեց «Լիվերին», սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը խաղից դուրս իրավիճակի պատճառով չարձանագրեց դարպասի գրավումը։
Չարձանագարված գոլից հետո Գրեհեմ Փոթերի սաներն սկսեցին տիրել նախաձեռնությանը ու դաշտում շատ ավելի լավ տպավորություն էին թողնում, ինչի արդյունքում էլ 65-րդ րոպեին Լեանդրո Տրոսարդի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Դեռ ավելին` 76-րդ րոպեին Տրոսարդն առաջ մղեց արդեն «Բրայթոնին», սակայն Մայք Դինը կրկին խաղից դուրս իրավիճակի պատճառով չհաշվեց գոլը։
«Լիվերի» ֆուտբոլիսները, կարելի է ասել, ողջ երկրորդ խաղակեսում որևէ իրական գոլային պահ չստեղծեցին Ռոբերտ Սանեսչի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։
Այս ոչ-ոքիից հետո «Լիվերպուլը» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։
«Բրայթոնն» իր ակտիվում ունի 16 միավոր, ինչը համապատասխանում է 6-րդ հորիզոնականին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գրեհեմ Փոթեր, Էնոկ Մվեպու, Լեանդրո Տրոսարդ, Լիվերպուլ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Ջորդան Հենդերսոն, Սադիո-Մանե