Ա սերիան ներկայացնող երկու ակումբներ հետաքրքրված են Տիկնիզյանի ծառայություններով
Մոսկվայի ԲԿՄԱ-ի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը հայտնվել է իտալական Ա սերիան ներկայացնող միանգամից երկու ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Metaratings.ru-ն, խոսքը «Ջենոայի» և «Սպեցիայի» մասին է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ երկու ակումբների սկաուտները ներկա պահին հետևում են ֆուտբոլիստին, ով Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքականի կազմում մասնակցում է Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլին։
Հատկնաշական է, որ Տիկնիզյանը խմբային փուլի 1-ին տուրի շրջանակում գրավեց Իսլանդիայի Մ-21 տարեկանների հավաքականի դարպասը՝ օգնելով իր թիմին հաղթել մրցակցին 4։1 հաշվով։
Հավելենք, որ «Սպեցիան» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 խաղից հետո վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Ջենոան» նույնքան խաղից հետո ունի 31 միավոր և 13-րդն է։
Նշենք, որ հայազգի երիտասարդ ֆուտբոլիստը ծնունդով Սանկտ Պետերբուրգից է, սակայն 2016 թվականից հանդես է գալիս ԲԿՄԱ-ի համակարգում և խաղում է ձախ պաշտպանի ու կիսապաշտպանի դիրքում։
21-ամյա ֆուտբոլիստը «բանակայինների» գլխավոր թիմի կազմում իր նորամուտը նշել է դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։ Այդ օրը ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի 5-րդ փուլի շրջանակում հյուրընկալվելիս մրցում էր Կուրսկի «Ավանգարդի» դեմ և լրացուցիչ ժամանակում պարտվեց 0։1 հաշվով, իսկ Տիկնիզյանը փոխարինման մտավ 70-րդ րոպեին։
Մինչ այս պահը Նաիր Տիկնիզյանը ԲԿՄԱ-ի հիմնական թիմի կազմում անց է կացրել 35 հանդիպում՝ խփել է 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, ԲԿՄԱ, Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնություն, Նաիր Տիկնիզյան, Ջենոա, Ռուսաստանի Մ-21 տարեկանների հավաքական, Սպեցիա, տրանսֆերներ