Յունայթեդը շատ մոտ է գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելուն
Մոսկվայի «Լոկոմոտիվի» Սպորտային զարգացման բաժնի ղեկավար Ռալֆ Ռանգնիկը, ամենայն հավանականությամբ, կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի նոր ժամանակավոր պաշտոնակատարը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով The Athletic-ին, գերմանացի մասնագետը համաձայնել է դառնալ «Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը. կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2022 թ. հունիսի 30-ը։
Աղբյուրի փոխանցմամբ` գործարքը դեռ չի կայացել, սակայն բանակցությունները վերջնական փուլում են. «կարմիր սատանաներն» այժմ բանակցում են «Լոկոմոտիվի» հետ, որպեսզի մոսկովյան ակումբը բաց թողնի 63-ամյա մասնագետին։
Նշվում է, որ Ռանգնիկը «Յունայթեդի» ներկայացուցիչների առաջարկն ընդունել է միայն այն պայմանով, որ գլխավոր մարզչի պայմանագիրը լրանալուց հետո նա ակումբում ստանալու է խորհրդկաանի պաշտոն։
Մանկունյական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորդն ընդունել է այդ պայմանը և 2022/23 մրցաշրջանից սկսած Ռանգնկը կդառնա «Յունայթեդի» ղեկավարության խորհրդականը, իսկ կողմերը դրա համար կկնքեն 2 տարվա պայմանագիր։
Նշենք, որ, ամեն դեպքում, Ռանգնիկի նշանակումը դեռ կձգձգվի` կապված որոշ թղթաբանական գործընթացների հետ, ինչի հետևանքով նոյեմբերի 28-ին Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Չելսիի» դեմ կայանալիք արտագնա հանդիպման ժամանակ մանկունյական ակումբի խաղը պահեստայինների նստարանից կրկին կղեկավարի Մայքլ Կարիկը։
Հավելենք, որ Ռալֆ Ռանգնիկն աշխատանքային հարուստ փորձ ունի։ Նա մարզել է «Շտուտգարտը» (1999-2001 թթ.), «Հանովերը» (2001-04 թթ.), «Շալկե 04»-ը (2004-05 թթ., 2011 թ. մարտ-սեպտեմբեր), «Հոֆֆենհայմը» (2006-2011 թթ.), «Լայպցիգը» (2015-16 թթ., 2018-19 թթ.)։
63-ամյա մասնագետը երկար տարիներ աշխատել է «Ռեդ բուլին» պատկանող ակումբների համարգերում։ Ռանգնիկը 2012-15 թթ. եղել է «Զալցբուրգի», իսկ 12-19 թթ.` «Լայպցիգի» սպորտային տնօրենը։
Բացի դրանից, նա 2019-20 թթ. «Ռեդ բուլին» պատկանող բոլոր ակումբներում` «Լայպցիգում», «Զալցբուրգում», «Նյու-Յորք Ռեդ Բուլում» և «ՌԲ Բրագանտինոյում», զբաղեցրել է Միջազգային կապերի բաժնի տնօրենի պաշտոնը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լոկոմոտիվ, Մայքլ Կարիկ, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռալֆ Ռանգնիկ, տրանսֆերներ