Սիթիի ֆանտաստիկ հաղթարշավին վերջ չկա 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ մրցեց «Վուլվերհեմպտոնի» դեմ։
Նախապես որոշված էր, որ այս հանդիպումը պետք է կայանար մարտի 20-ին, սակայն, քանի որ մանկունյական ակումբը դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ, «Վուլվզի» դեմ խաղն «առաջ» բերվեց։ Պեպ Գվարդիոլայի թիմը FA Cup-ի քառորդ եզրափակչի շրջանակում մրցելու է «Էվերտոնի» դեմ, իսկ այդ խաղը կայանալու է հենց մարտի 20-ին։
Ինչ վերաբերում է «Սիթի» – «Վուլվզ» հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում «քաղաքաբնակները», պարզապես, տոտալ առավելություն ունեին և ամբողջությամբ վերահսկում էին հանդիպման ընթացքը, ինչն էլ նպաստեց, որ արդեն 15-րդ րոպեին բացվի խաղի հաշիվը․ գնդակը պատահմամբ սեփական դարպասն ուղարկեց «գայլերի» պաշտպան Լեանդեր Դենդոնկերը։
Նախքան ընդմիջման գնալը՝ 44-րդ րոպեին, հանդիպման հյուրերը ևս մեկ գնդակ հանեցին սեփական դարպասից, սակայն Էմերիկ Լապորտի խփած գոլը հանդիպման գլխավոր մրցավար Քրիս Կավանան չհաշվեց՝ ֆրանսիացի պաշտպանի մոտ արձանագրելով խաղից դուրս վիճակ։
Երկրորդ խաղակեսի մեկնարկն էլ անցնում էր Գվարդիոլայի թիմի սցենարով, սակայն, 61-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Նունու Էսպիրիտու Սանտուի թիմը հավասարեցրեց հաշիվը։ Անկյունային հարվածի խաղարկումից հետո Ժոաո Մոուտինիոյի կատարած փոխանցումը եզրափակեց Կոնոկ Կոուդին՝ հաշիվը դարձնելով 1։1։
«Սիթիի» ֆուտբոլիստներին, բնականաբար, չէր կարող գոհացնել ոչ-ոքի արդյունքը, և նրանք նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ 80-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը կրկին առաջ մղեց իր թիմին։
Թվում էր՝ խաղում այլևս գոլեր չեն գրանցվելու, սակայն նման զարգացումների հետ համաձայն չէին «Սիթիի» ֆուտբոլիստները, ովքեր մրցավարի կողմից ավելացված ժամանակում ևս երկու գնդակ ուղարկեցին Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը։ Նախ՝ 90+1-րդ րոպեին աչքի ընկավ Ռիյադ Մարեզը, ապա՝ 90+5-րդ րոպեին՝ Գաբրիել Ժեզուսը, ով ոչ միայն դարձավ դուբլի հեղինակ, այլև ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 4։1։
Հավելենք, որ «Մանչեսթեր Սիթիի» առավելությունն այնքան ակնհայտ էր, որ արտացոլվել է նաև թվերի տեսքով։ Տանտերերը ողջ հանդիպման ընթացքում կատարել են 22 հարված` 10-ը դիպուկ, գնդակին տիրել են 73%, իրացրել են 10 անկյունային հարված, ինչպես նաև անցկացրել են 111 վտանգավոր գրոհ։
Այսպիսով, «Մանչեսթեր Սիթին» 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Վուլվերհեմպտոնի» նկատմամբ։ Բոլոր մրցաշարերի շրջանակում սա «քաղաքայինների» 21-րդ անընդմեջ հաղթանակն էր։
Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 65 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով արդեն 15 միավոր։
«Վուլվզն» էլ 34 միավորով 12-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Fa cup, ԱՊԼ, Գաբրիել Ժեզուս, Էմերիկ Լապորտ, Էվերտոն, Ժոաո Մոուտինինո, Լեանդեր Դենդոնկեր, Կոնոր Կոուդի, Մանչեսթեր-Սիթի, Պեպ Գվարդիոլա, Ռիյադ Մարեզ, Ռուի Պատրիսիու, Վուլվերհեմփթոն