Հոնդուրասցի ֆուտբոլիստը հանդիպումներն անցկացնում է պաշտպանիչ դիմակով📸
Հոնդուրասը ներկայացնող «Օլիմպիայի» հարձակվող Ջերի Բենգստոնը հանդիպումների ընթացքում կրում է դիմակ՝ այդկերպ փորձելով պաշտպանվել կորոնավիրուսի համաճարակից։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, 33-ամյա ֆուտբոլիստը նման որոշում է կայացրել սեպտեմբերից։ Նա սեպտեմբերից ի վեր բոլոր հանդիպումներն անցկացրել է դիմակով։
Բենգստոնի այդ քայլի մասին սկսեցին խոսել «Օլիմպիայի» կազմում միջազգային հանդիպումներ անցկացնելուց հետո։ Հոնդուրասը ներկայացնող ակումբը բավականին հաջող է հանդես գալիս ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգայի շրջանակում (խմբ․՝ Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկաների երկրների ՉԼ) և արդեն հասել է մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ։ Դեկտեմբերի 16-ին «Օլիմպիան» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց Թիերիի Անրիի ղեկավարած «Մոնրեալ Իմփաքթին», սակայն դրսում 1։2 հաշվով տարած հաղթանակի շնորհիվ, դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
The Sun-ի տեղեկություններով, հոնդուրասական կողմը դեռևս վաղուց է խոսում այն մասին, որ Ջերի Բենգստոնը հանդիպումներն անցկացնում է պաշտպանիչ դիմակով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Հոնդուրասի առաջնության շրջանակում նույնպես սկսել է բռնկվել կորոնավիրուսի համաճարակը և արձանագրկվել են վարակման մի շարք դեպքեր։
Մի շարք տեղի ԶԼՄ-ներ էլ հայտնում են, որ Բենգստոնն այդ քայլին գնացել է չվարակվելու և իր ընտանիքին պաշտպանելու նպատակով։ «Օլիմպիայի» գլխավոր մարզիչ Պեդրո Տրոլյոն իր հերթին Բենգստոնի այդ քայլը տարօրինակ է համարում, քանի որ հարձկավողը թիմի և ընդհանրապես Հոնդուրասի առաջնության շրջանակում միակ ֆուտբոլիստն է, ով խաղերին մասնակցում է դիմակով․
«Դա նրան չի անհանգստնացնում։ Նա նույնիսկ այդպես է խփում գոլեր»,- նշել է մարզիչը, ում խոսքերը մեջբերում է The Sun-ը։
# ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների լիգա, Պեդրո Տրոլյո, Ջերի Բենգստոն, Օլիմպիա-Հոնդուրաս