Կոուտինիոյի բենեֆիսը. Աստոն Վիլլան ու Լիդսը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Աստոն Վիլլան» սեփական հարկի տակ մրցեց «Լիդսի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկեց, քանի որ արդեն 9-րդ րոպեին հյուրերը Դանիել Ջեյմսի խփած գոլի ջանքերով առաջ անցան հաշվի մեջ։
Այդուհանդերձ, առաջին խաղակեսի միջնամասում Ֆիլիպե Կոուտինիոն միացրեց իր շարժիչները և 13 րոպեի ընթացքում դարձավ 1 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ` օգնելով «Վիլլային» հաշիվը դարձնել 3:1։
Նախ 30-րդ րոպեին աչքի ընկավ ինքը` Կոուտինիոն, ապա 38-րդ ու 43-րդ րոպեներին բրազիլացի կիսապաշտպանն օգնեց աչքի ընկնել Ջեյքոբ Ռեմզիին, ով դարձավ դուբլի հեղինակ։
Թվում էր` կողմերն ընդմիջման են գնալու 3:1 հաշվի պայմաններում, սակայն 45+2-րդ րոպեին Դանիել Ջեյմսը նույնպես դարձավ դուբլի հեղինակ ու մեկ գնդակ հետ բերեց յորքշիրյան ակումբի համար։
Երկրորդ խաղակեսի մեծ մասն անցավ Մարսելո Բիելսայի սաների շոշափելի առավելությամբ, ովքեր էլ 63-րդ րոպեին խփեցին երրորդ պատասխան գոլը. անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Մարկոս Լյորենտեն։
Խաղավերջում «Լիդսը» կարող էր նույնիսկ հաղթանակ կորզել, սակայն այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 3:3 հաշվով։
Այսպիսով, «Աստոն Վիլլան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 11-րդ հորիզոնականը, իսկ «Լիդսը», 23 միավորով, 15-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Աստոն Վիլլա, Դանիել Ջեյմս, Դիեգո Լյորենտե, Լիդս, Մարսելո Բիելսա, Ջեյքոբ Ռեմզի, Սթիվեն Ջերարդ, Ֆիլիպե Կոուտինիո