ԿԼ. Դինամո Կիևը մեծ դժվարությամբ հաղթահարեց Արիսի արգելքը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Դինամո Կիևը» Ռումինիայի մայարաքաղաք Բուխարեստի «Սուրեբեթ Արենա» մարզադաշտում մրցեց հունական «Արիս Սալոնիկի» դեմ։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում «Արիսը» հաղթել էր 1:0 հաշվով։
Պատասխան հանդիպումը նույնպես անհաջող մեկնարկեց կիևյան ակումբի համար, որն արդեն 39-րդ րոպեին պարտվում էր 0:1 հաշվով. աչքի ընկավ Նևեն Ջուրասեկը։
Այդուհանդերձ, Միրչա Լուչեսկուի թիմը հետագայում կարողացավ բեկել հանդիպման ընթացքը և երկու գնդակ ուղարկել հունական ակումբի դարպասն ու դիմակայությունը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։
«Դինամոյի» գոլերը 45-րդ և 85-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Նազար Վոլոշինն ու Ալեքսանդր Կարավաևը։
Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին ուկրաինական ակումբի ֆուտբոլիստներն ` առավելության հասնելով 6:5 հաշվով։
Նշենք, որ հանդիպումը բավական ծանր և լարված ընթացք ստացավ, որի ընթացքում կողմերը միասին 26 խախտում թույլ տվեցին, ինչի հետևանքով գլխավոր մրցավար Սեբաստիան Գիսհամերը երկու ակումբների ֆուտբոլիստներին 11 դեղին քարտ ցույց տվեց, իսկ «Արիսի» կիսապաշտպան Դոմոգոյ Պավիչիչը 106-րդ րոպեին հեռացվեց դաշտից։
Այսպիսով, «Դինամոն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում, որի շրջանակում մրցելու է թուրքական «Բեշիկթաշի» դեմ։
Ինչ վերաբերում է «Արիսին», հունական ակումբն ավարտեց եվրագավաթային մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ Սալոնիկը ներկայացնող ակումբը որակավորման երկրորդ փուլից պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կարավաև, Արիս, Դինամո Կիև, Կոնֆերենցիաների լիգա, Միրչա Լուչեսկու