Նոմինալ կիսապաշտպանը Ռիվեր Փլեյթի կազմում դարպասապահի դիրքում ամբողջական հանդիպում է անցկացրել
Լիբերտադորեսի գավաթի 2021 թվականի խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Ռիվեր Փլեյթը» Բուենոս Այրեսում 2։1 հաշվով առավելության է հասել Կոլումբիան ներկայացնող «Սանտա Ֆե» ակումբի նկատմամբ։
Այս հանդիպումն արգենտինական ակումբի համար անչափ յուրահատուկ է ստացվել և միանշանակ կմտնի ողջ ֆուտբոլային պատմության մեջ։
Բանն այն է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, «Ռիվերը» կորցրել էր միանգամից իր 20 ֆուտբոլիստներին։ «Սանտա Ֆեի» դեմ հանդիպմանը արգենտինական ակումբը կարողացել էր հայտավորել միայն 11 ֆուտբոլիստների, իսկ դարպասապահի դիրքում խաղացել է 35-ամյա նոմինալ հենակետային կիսապաշտպան Էնցո Պերեսը։
Մայրաքաղաքային ակումբն այդ հանդիպումն անցկացրել է առանց փոխարինումներ կատարելու և նույնիսկ այդպիսի պայմաններում հաղթել է 2։1 հաշվով։ «Ռիվերն» արդեն 6-րդ րոպեի դրությամբ երկու գնդակի առավելություն էր ստացել Ֆաբրիցիո Անխիլիերիի և Խուլիան Ալվարեսի գոլերի շնորհիվ։ Կոլումբական ակումբը 73-րդ րոպեին Կելվին Օսորիյի ջանքերով կարողացավ միայն կրճատել հաշվի, իսկ ավելին անել չհաջողվեց։
«Ռիվերն» այս հաղթանակից հետո վաստակեց 9 միավոր և վստահորեն գլխավորում է D խմբի մրցաշարային աղյուսակը՝ վերջին տուրից առաջ գործնականում ապահովելով 1/8 եզրափակչի ուղեգիրը։
«Սանտա Ֆեն» մնաց 2 միավորով և եզրափակում է խումբը ու դուրս մնաց հետագա պայքարից։
Հավելենք, որ Էնցո Պերեսն առավել հայտնի է «Վալենսիայում» և «Բենֆիկայում» ունեցած մրցելույթներով։ Արգենտինացի ֆուտբոլիստը «Բենֆիկայի» կազմում խաղացել է 2011-2015 թթ․ և անցկացրած 117 խաղում դարձել է 10 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ։
«Վալենսիայի» գույներն էլ Պերեսը պաշտպանել է 2015-2017 թթ․, որի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 74 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# բենֆիկա, Էնցո Պերես, Լիբերտադորեսի գավաթ, կորոնավիրուս, Ռիվեր Փլեյթ, Սանտա Ֆե, Վալենսիա