Ատալանտան անչափ կարևոր հաղթանակ է տանում🎥
Իտալական Ա սերիայի շրջանակում «Ատալանտան» հյուրընկալվելիս մրցեց հետնապահների թվում ընթացող «Կալյարիի» դեմ։
Առաջին խաղակեսում հանդիպման հյուրերն ունեին տարածքային առավելություն, սակայն բերգամոսցիների խաղում սրություն չկար։ Ողջ խաղակեսի ընթացքում «Ատալանտան» ընդամենը մեկ լուրջ վտանգավոր պահ ստեղծեց, սակայն Ռոբին Գոսենսի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածը շեղ ստացվեց։
Ընդհանրապես, առաջին կեսում երկու ակումբներն էլ առանձնապես լավ տեսք չունեին, ինչի հետևանքն էլ այն էր, որ կողմերը միասին վերցրած կատարեցին ընդամենը 3 հարված, որոնք կա՛մ շեղ են եղել կա՛մ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։
Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին սարդինացիները։ Մեկ րոպեի ընթացքում աչքի ընկնելու լավ պահեր ձեռքից բաց թողեցին Ժոաո Պեդրոն և Հարալամբոս Լիկոյանոսը, որոնց հարվածներից հետո «Ատալանտայի» դարպասապահ Մարկո Սպորտյելոն փրկեց իր թիմին։
Միայն երկրորդ խաղակեսի վերջնամասում Ջանպիերո Գասպերինիի թիմը, իրոք, առավելություն ստացավ։ Փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստները մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին «Կալյարիի» դարպասի մոտ, ինչն էլ, ի վերջո, տվեց իր պտուղները, քանի որ հանդիպման հիմնական ժամանակի վերջին՝ 90-րդ րոպեին Լուիս Մուրելը խփեց հաղթական գնդակը։
Այսպիսով, «Ատալանտան» ծանր խաղում 1։0 հաշվով հաղթանակ կորզեց՝ ընդհատելով Ա սերիայի շրջանակում անհաջող հանդիպումների շարքը։ Գասպերինիի թիմն Ա սերիայի շրջանակում չէր հաղթել նախորդ 2 հանդիպումենրը, իսկ վերջին հաղթանակը գրանցվել էր հունվարի 23-ին, երբ 19-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 0։3 հաշվով հաղթեց «Միլանին»։
Այս հաղթանակից հետո «Ատալանտան» վաստակեց 40 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը, իսկ «Կալյարին» 15 միավորով 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Լուիս Մուրիել, Կալյարի, Ջանպիերո Գասպերինի