Խորվաթիայի հավաքական․ Աշխարհի առաջնության մարտիկները
Խորվաթիայի հավաքականն ԱԱ-2022-ի շրջանակում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը` երկրորդ աշխարհի առաջնությունն անընդմեջ դառնալով մեդալակիր։
Խորվաթիայի հավաքականը աշխատասիրության, համառ պայքարի, նվիրվածության ու խելամտության ամենավառ օրինակն է ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։
Զլատկո Դալիչն ու իր սաները արել են, անում են ու վստահաբար շարունակելու են անել ամեն ինչ, անգամ եթե նրանց ոչ ոք չի հավատում։ Վերջին աշխարհի առաջնությունն ապացուցեց է, որ միայն բարձր կարգ ունենալը հաղթելու գրավական չէ, շատ ավելի կարևոր է կարգապահությունը, ինչն արտացոլվում էր խորվաթների գրեթե յուրաքանչյուր խաղում։ Նրանք Կատար 2022-ի մարտիկներն էին։
Խորվաթիայի ընտրանին մրցաշարի բացահայտումներից չէր, քանի որ անձամբ Զլատկո Դալիչն էր ասում, որ նրանք նվազագույնը պիտի կիսաեզրափակիչում հայտնվեն, ինչը նրանց հաջողվեց։ «Շախմատայիններն» ընդամենը մեկ հանդիպում տանուլ տվեցին, երբ կիսաեզրափակիչում 0։3 հաշվով զիջեցին մրցաշարի ապագա չեմպիոն Արգենտինային, սակայն դա չխանգարեց նրանց 3-րդ տեղի համար խաղում համառ պայքարում 2։1 հաշվով հաղթել ավարտված աշխարհի առաջնության իսկական բացահայտում Մարոկկոյին և դառնալ բրոնզե մեդալակիր։
Խորվաթիան արժանի էր նման արդյունքի, քանի որ պայքարից դուրս թողեց ու խանգարեց այնպիսի հավաքականների, ինչպիսիք էին Բելգիան, Ճապոնիան և Բրազիլիան։ Խորվաթիայի հաղթական ճամփորդության երաշխիքը կրկին լրացուցիչ ժամանակն էր, ինչպես նախորդ աշխարհի առաջնությունում։ Նրանք ֆիզիկապես այնքան պատրաստ են, որ երկու հանդիպում անընդմեջ լրացուցիչ ժամանակում խաղացին ու հաղթեցին։
Առաջին խաղում նրանք 11-մետրանոցներով առավելության հասան ծագող արևի երկրի՝ Ճապոնիայի դեմ, իսկ հետո գործեցին այս մունդիալի երևի թե ամենամեծ անակնկալն ու կրկին 11-մետրանոցների օգնությամբ պայքարից դուրս թողեցին մրցաշարի գլխավոր ֆավորիտին՝ Բրազիլիային։
Այդ խաղը թերևս լավագույններից էր համար «շախմատայինների» համար մրցաշարում, քանի որ ամուր կառչեցին հաղթանակից ու ապացուցեցին, որ հաղթել հնարավոր է անգամ աշխարհի հնգակի չեմպիոններին։ Դրան գումարենք նաև այն, որ Դալիչի թիմը «պենտակամպիոնների» դեմ խաղում գնդակ բաց թողեցին 105+1-րդ րոպեին, սակայն չընկճվեցին, կռվեցին և 117-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակն ու հանդիպումը տեղափոխել «վիճակախաղ»։
Նման ամուր ու պինդ պաշտպանություն շատ քիչ հավաքականներ ունեն։ Ու եթե մի պահ նայենք նրանց հիմնական կազմի խաղացողներին, ապա 5-6 ֆուտբոլիստների տարիքն արդեն գերազանցում է 30 տարեկանը, որոնք գրեթե ամբողջ խաղին մեծ ծավալի աշխատանք կատարեցին պաշտպանությունում։
Խորվաթիայի բացառիկությունը նաև այն է, որ նրանց համար գրեթե մրցակիցներ պարզապես չկան։ Դիտեք նրանց վերջին խաղերը ու կհասկանաք։
Նրանք Ազգերի լիգայում զբաղեցրին առաջին հորիզոնականը մի խմբում, որտեղ ընդգրկված էին Ֆրանսիայի, Դանիայի ու Ավստրիայի պես հավաքականներ։ Աշխարհի առաջնության ընտրական փուլում նրանք ևս զբաղեցրին առաջին հորիզոնականը՝ իրենց թիկունքում թողնելով Ռուսաստանի, Սլովակիայի ու Սլովենիայի նման ընտրանիներին։
Ու նման հիանալի տվյալներով հավաքականի համար կիսաեզրափակիչ փուլ հասնելը չպետք է զարմանալի լիներ, ինչը մի քանի անգամ կրկնել է Խորվաթիայի այս հաջողության «մեղավորը»՝ Զլատկո Դալիչը։
Կուռ պաշտպանություն, խաղ վերադառնալու արագ կարողություն, չհանձնվելու բնավորություն, ու անսահման նվիրվածություն հանուն թիմի ու երկրի։ Խորվաթիան մերօրյա ֆուտբոլի ամենազորեղ հավաքականներից է, որի գլխավոր նպատակը հաջողության հասնելն է, իսկ դրա ճանապարհը որոշում են հենց իրենք։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալները նրանք վաստակեցին արժանիորեն, ու ինչպես ասաց Զլատկո Դալիչը՝ «սա դեռ վերջը չէ»։
Սամվել Մխիթարյան
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Interfootball, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքական, Մունդիալ-2022, Սամվել Մխիթարյան, վերլուծություն, Քաթար-2022