Խավի. «Եվրոպա լիգա՞ն. սա է մեր իրականությունը»
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին` 6-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 0:3 հաշվով պարտվեց «Բավարիային»։
Այդ պարտության հետևանքով կատալոնական ակումբը E խմբում նահանջեց 3-րդ հորիզոնական և 2022 թ. գարնանը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանասի» գլխավոր մարզիչ Խավին.
««Բավարիան» գերազանցեց «Բարսային». նրանք մեզ «հպատակեցրին»։
Այսօր մեզ համար սկսվում է նոր շրջափուլ. պետք է տքնաջան աշխատենք, որպեսզի «Բարսելոնային» վերադարձնենք այնտեղ, որտեղ այն արժանի է լինել։
«Բարսելոնան» արժանի է պայքարել Չեմպիոնների լիգան հաղթելուն, այլ ոչ թե խմբից դուրս մնալուն և Եվրոպա լիգայում խաղալուն։
Եվրոպա լիգա՞ն։ Սա է մեր իրականությունը։ Մենք «Բարսան» ենք և պետք է հաղթենք բոլոր խաղերը։
Ես այսօր բախվեցի դաժան իրականությանը, որը դժվար է ընդունել։ Ես հուսով էի, որ կկարողանանք մրցակցություն ցույց տալ, սակայն չստացվեց»,- իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է El Chiringuito TV-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Խավի, Չեմպիոնների-լիգա