Լայպցիգը շարունակում է հրաշքներ գործել՝ շարունակելով իր հեքիաթը🎥
Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի երկրորդ քառորդ եզրափակչի շրջանակում միմյանց դեմ դուրս եկան «Լայպցիգն» ու «Ատլետիկո Մադրիդը»։
Հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում։ Կողմերն ավելի շատ հետախուզական բնույթի աշխատանք էին կատարում՝ փորձելով գտնել մրցակցի թույլ կողմերը, սակայն պետք է նշենք, որ «Ատլետիկո Մադրիդի» գրոհներն որոշ վերապահումներով ավելի վտանգավոր էին՝ չնայած «Լայպցիգը» ավելի շատ էր տիրում գնդակին և վերահսկում էր խաղի ընթացքը։
Երկրորդ խաղակեսը միանգամից մեկնարկեց «Լայպցիգի» խփած գնդակով։ 51-րդ րոպեին «ցլերը» դասագրքային և ուսուցողական գրոհ անցկացրին։ Ձախ պաշտպան Մարսել Հալշտենբերգը գրոհի նետվեց, ճանապարհին շրջանցեց մի քանի ֆուտբոլիստների, մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում գնդակը թողեց Յուսուֆ Պոուլսենին, վերջինս գնդակը հիանալի կասեցրեց, մրցակցի մոտակա պաշտպաններին խաղից դուրս թողեց և փոխանցեց մոտակայքում գտնվող Կոնրադ Լայմերին, ով արագ նկատեց աջ եզրում բացվող Մարսել Զաբիթցերին։ Ավստրիացի ֆուտբոլիստն էլ մեկ հպումով գնդակն ուղարկեց տուգանային հրապարակում գտնվող Դանի Օլմոյին, ով էլ գլխի հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը։
Բաց թողած գոլից հետո Դիեգո Սիմեոնեն 59-րդ րոպեին մարտադաշտ նետեց Ժոաո Ֆելիշին, ով էականորեն ակտիվացրեց «հնդկացիների» խաղը։ 71-րդ րոպեին պորտուգալացի ֆուտբոլիստը գեղեցիկ անցում ձեռնարկեց, ճանապարհին գնդակը «պատ» խաղարկեց Կոկեի հետ, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ։ Լուկաս Կլոստերմանը միայն կանոնների խախտման գնով կանգնացրեց երիտասարդ պորտուգալացուն։ Հանդիպման գլխավոր մրցավար Շիմոն Մարչինյակը նշանակեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց հենց Ֆելիշը։
Խփած գնդակից հետո խաղը կրկին հավասարվեց, սակայն «Ատլետիկոն» փորձում էր որոշակի առավելություն ստանալ, բայց չէր ստացվում և երբ թվում էր, որ խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, 88-րդ րոպեին Անեխելինիոյի փոխանցումից հետո գերմանական ակումբի կազմում փոխարինման դուրս եկած Տայլեր Ադամսը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսպիսով, «Լայպցիգը» հաղթեց 2։1 հաշով և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի ՊՍԺ-ի դեմ։
# Ատլետիկո Մադրիդ, Դանի Օլմո, Ժոաո Ֆելիշ, Ժոաու-Ֆելիքս, Լայպցիգ, Չեմպիոնների-լիգա, Տայլեր Ադամս