Իսպանական ակումբները 2002 թ. ի վեր չեն պարտվել եվրագավաթային ոչ մի եզրափակիչում
Եվրոպա լիգայի եզրափակիչում «Սևիլիան» 11-մետրանոցներով առավելության հասավ «Ռոմայի» նկատմամբ` դառնալով մրցաշարի 7-ակի հաղթող։
«Սևիլիան» այդ հաղթանակի շնորհիվ շարունակեց իսպանական ակումբների` եվրագավաթային եզրափակիչներում անպարտելիության անհավանական շարքը, որն սկսվել է դեռևս 2002 թվականից։
Այդ ժամանակվանից ի վեր իսպանական ակումբները 22 անգամ դուրս են եկել եվրագավաթային որևէ մրցաշարի եզրափակիչ և բոլոր դեպքերում տիրացել են գավաթին։
Այդ ընթացքում «Ռեալ Մադրիդը» Չեմպիոնների լիգան հաղթել է 6, «Բարսելոնան»` 4, «Սևիլիան»` Եվրոպա լիգան` 7, «Ատլետիկո Մադրիդը»` 3, իսկ «Վիլյառեալն» ու «Վալենսիան»` 1-ական անգամ։
Հատկանշական է, որ այդ ընթացքում եղել է 4 դեպք, երբ իսպանական ակումբները միմյանց դեմ են մրցել եվրագավաթային եզրափակիչում։
Միմյանց դեմ մրցել են «Սևիլիան» և «Էսպանյոլը» (2006/07 մրցաշրջան, ՈՒԵՖԱ-ի գավաթ/Եվրոպա լիգա), «Ատլետիկո Մադրիդն» ու «Ատլետիկ Բիլբաոն» (2011/12, Եվրոպա լիգա) և երկու անգամ «Ռեալ Մադրիդն» ու «Ատլետիկոն» (2013/14 և 2015/16, Չեմպիոնների լիգա)։
Հավելենք, որ իսպանական ակումբներից վերջին անգամ եվրագավաթային եզրափակիչում պարտվել է «Վալենսիան», երբ 2000/01 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում 11-մետրանոցներով զիջեց «Բավարիային»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոմա, Սևիլիա, Վալենսիա, Վիլյառեալ