Ինտերը ոչ մի շանս չի տալիս մյուս թիմերին և վստահ ընթանում է դեպի բաղձալի չեմպիոնություն 🎥
Իտալական Ա սերիայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Ինտերը» սեփական հարկի տակ ընդունեց «Ատալանտային»։
Հանդիպումը մեկնարկեց հետախուզական պայքարում․ թիմերը զգուշորեն էին փորձում զարգացնել իրենց գրոհները՝ չմոռանալով նաև պաշտպանության մասին։
Խոսելով առաջին խաղակեսի մասին, պետք է նշել որ տանտերերն ունեին տարածքային ոչ մեծ առավելություն (55%), իսկ կողմերը միմյանց դարպասի ուղղությամբ կատարեցին 3-ական հարված։ Հատկանշական է, որ «ներաձուրիների» բոլոր հարվածները շեղ էին, իսկ «Ատալանտայի» 3 հարվածներից երկուսը դիպուկ էին, սակայն՝ ոչ գոլային։
Այնուամենայնիվ, մինչև առաջին խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը կողմերից և ոչ մեկին չհաջողվեց բացել հանդիպման հաշիվը․ թիմերն ընդմիջման գնացին գոլազուրկ ոչ-ոքիի պայմաններում։
Երկրորդ խաղակեսը համեմատաբար ավելի արագ տեմպով մեկնարկեց, և հանդիպման 54-րդ րոպեին Անտոնիո Կոնտեի սաների առաջին իսկ դիպուկ հարվածը պսակվեց գոլով, որն իր անվան դիմաց գրանցեց սլովենացի պաշտպան Միլան Շկրինյարը։
Ընդունած գոլից հետո բերգամոսցիները մեծացրին տարածքային առավելությունը՝ փորձելով հետ բերել կորցրածը և 68-րդ րոպեին մոտ էին հաջողության հասնելուն, սակայն Դուվան Սապատայի հարվածից հետո գնդակը մի փոքր շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով։
«Ինտերը» թուլացրել էր հարձակման գիծը՝ նպատակ ունենալով պահել հաղթական հաշիվը, դրան զուգահեռ՝ Ջանպիերո Գասպերինիի սաներն ամեն ինչ անում էին հանդիպումը փրկելու համար, սակայն աստիճանաբար ակնհայտ էր դառնում, որ խաղն ընթանում է Կոնտեի սցենարով։
Ինչպես պարզվեց հետագայում, Շկրինյարի գոլը միակն էր այս խաղում և հաղթականը՝ «Ինտերի» համար։
Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը վաստակեց 62 միավոր և շարունակում է վստահորեն զբաղեցնել Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը՝ 2-րդ տեղում գտնվող «Միլանին» գերազանցելով 6 միավոր։
Հատկանշական է, որ «Ինտերը» մրցաշարի շրջանակում տոնում է իր 7-րդ անընդմեջ հաղթանակը։
Ատալանտան մնաց նախապես վաստակած 49 միավորով, որին համապատասխանում է 5-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Անտոնիո-Կոնտե, Ատալանտա, Դուվան Սապատա, Ինտեր, Միլան Շկրինյար, Ջանպիերո Գասպերինի, Ռոմելու-Լուկակու