Թրիլլեր «Ուեմբլիում». Անգլիան ու Գերմանիան ֆանտաստիկ խաղում չպարզեցին հաղթողին 🎥

Թրիլլեր «Ուեմբլիում». Անգլիան ու Գերմանիան ֆանտաստիկ խաղում չպարզեցին հաղթողին 🎥

27/09/2022 - 00:51

Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ խմբի վերջին` 6-րդ տուրում Անգլիայի հավաքականը Լոնդոնի «Ումեբլի» մարզադաշտում մրցեց Գերմանիայի ընտրանու դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո մրցող կողմերը երկրորդ 45 րոպեների ընթացքում բավական գրավիչ և գոլառատ ֆուտբոլ պարգևեցին։

Հանդիպման 50-րդ րոպեին «երեք առյուծների» կենտրոնական պաշտպան Հարի Մագուայերը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ջամալ Մուսիալայի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Դանի Մակելին դիտեց դրվագի տեսակրկնապատկերը և 11-մետրանոց նշանակեց հյուրերի օգտին։

Գնդակին մոտեցավ Իլկայ Գյունդողանն ու դիպուկ հարվածով առաջ մղեց «բունդեսմանշաֆթին»։

Շատ չանցած` 67-րդ րոպեին, Հանսի Ֆլիկի թիմը կրկնապատկեց իր առավելությունը. հյուրորը նետվեցին կտրուկ հակագրոհի, որը հեռահար հարվածով եզրափակեց Կայ Հավերցը` դառնալով հիասքանչ գոլի հեղինակ։

Այդուհանդերձ, խփած երկրորդ գոլից հետո հանդիպումը գլխիվայր շուռ եկավ հյուրերի համար, քանի որ Գարեթ Սաութգեյթի սաները շատ արագ ոչ միայն կրճատեցին, այլև առաջ անցան հաշվի մեջ։

Նախ 72-րդ րոպեին աչքի ընկավ Լյուկ Շոուն, ապա 75-րդ րոպեին` Մեյսոն Մաունթը։

Ոգևորված ձեռք բերածով` տանտերերը շարունակեցին ճնշում գործադրել Մարկ-Անդրե Տեր Շտեգենի պաշտպանած դարպասի ուղղությամբ, ինչն էլ տվեց իր արդյունքը։

80-րդ րոպեին «բունդեսմանշաֆթի» կենտրոնական պաշտպան Նիկո Շլոտերբեկը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ջուդ Բելինգհեմի նկատմամբ, ինչից հետո Դանի Մակելին VAR համակարգի միջոցով կրկին դիտեց վիճահարույց դրվագի կրկնապատկերն ու 11-մետրանոց նշանակեց այս անգամ Անգլիայի օգտին, որն էլ հստակ իրացեց Հարի Քեյնն ու «Ուեմբլի» մարզադաշտի լուսատախտակին վառեց 3:2 հաշիվը։

Նույնիսկ բաց թողած երեք գոլերը չկոտրեցին գերմանացիներին, ովքեր 87-րդ րոպեին կարողացան վերականգնել հաշվի հավասարակշռությունը։

Սերժ Գնաբրիի կատարած հարվածից հետո անգլիացիների դարպասապահ Նիկ Պոպը բավական անհաջող հետ մղեց գնդակը, ինչից հետո Կայ Հավերցը հեշտությամբ գրավեց դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։

Խաղավերջում այլևս գոլեր չգրանցվեցին. հանդիպումն ավարտվեց 3:3 հաշվով։

Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.

Հունգարիա 0:2 Իտալիա

Վերջ տուրից հետո A դիվիզիոնի 3-րդ խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Իտալիա – 11 միավոր
  2. Հունգարիա – 10 միավոր
  3. Գերմանիա – 7 միավոր
  4. Անգլիա – 3 միավոր

Նշենք, որ Իտալիայի հավաքականը պայքարն կշարունակի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ-ում, իսկ Անգլիան դուրս մնաց A դիվիզիոնից ու մրցաշարի հաջորդ խաղարկությունում հանդես կգա B դիվիզիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022