Թրիլլեր Թուրինում. Ֆրանսիան ֆանտաստիկ comeback-ով դուրս եկավ Ազգերի լիգայի եզրափակիչ🎥
Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության կիսաեզրափակիչի շրջանակում Թուրինի «Ալյանց» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Ֆրանսիայի ու Բելգիայի հավաքականները։
Երկու հավաքականներն էլ հանդիպումը շատ ակտիվ մեկնարկեցին և խաղի սկզբնամասում փոխանակվում էի վտանգավոր գրոհներով։
Հատկապես հիշատակման է արժանի 5-րդ րոպեին Կևին դե Բրոյնեի ունեցած դրվագը, երբ «կարմիր սատանաների» առաջատարը հարվածեց մոտ 7-8 մետրից, սակայն Ֆրանսիայի հավաքականին փրկեց դարպասապահ Ուգո Լյորիսը։
23-րդ րոպեին հաշիվը բացելուն մոտ էր Կիլիան Մբապեն, սակայն այս անգամ էլ իր թիմին փրկեց Տիբո Կուրտուան։
Խաղակեսի վերջնամասն անցավ Ռոբերտո Մարտինեսի սաների առավելությամբ, որոնց էլ հաջողվեց նախքան ընդմիջման գնալն ստանալ երկու գնդակի առավելություն. նախ 37-րդ րոպեին աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն, ապա` 40-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն։
Հատկապես տպավորիչ ստացվեց Լուկակուի գոլը, ով սուր անկյան տակ «ռմբահարեց» Լյորիսի պաշտպանած դարպասը։
Հատկանշական է, որ երկու դեպքում էլ գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրոյնեն։
Կողմերն ընդմիջման գնացին Բելգիայի հավաքականի երկու գնդակի առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսը ֆանտաստիկ ու թրիլլերային ընթացք ստացավ, որն ամբողջությամբ անցավ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստների առավելությամբ, որոնց հաջողվեց բեկել հանդիպման ընթացքն ու կորզել հաղթանակ։
Կարիմ Բենզեման 62-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 68-րդ րոպեին Յուրի Տիլեմանսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Անտուան Գրիզմանի նկատմամբ, ինչից հետո նշանակվեց 11-մետրանոց հարված «կարմի սատանաների» դարպասին, որն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն` հավասարեցնելով հաշիվը։
Հաշվի հավասարվելուց հետո էլ «եռագույնները» ճնշում էին մրցակցին, սակայն չէր հաջողվում առաջ անցնել հաշվի մեջ։
86-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, Բելգիայի հավաքականը Լուկակուի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ, սակայն, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չեղարկվեց դարպասի գրավումը։
Թվում էր` հանդիպման հիմնական ժանանակն ավարտվելու է 2:2 հաշվով, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէր Թեո Էրնանդեսը, ով 90-րդ րոեպին հեռահար հիանալի հարվածով ապահովեց Ֆրանսիայի հավաքականի հիասքանչ Comeback-ը։
Ի վերջո, Ֆրանսիան 3:2 հաշվով թրիլլերային հաղթանակ տոնեց Բելգիայի նկատմամբ։
Այսպիսով, հոկտեմբերի 10-ին նախ Իտալիան ու Բելգիան կպարզեն Ազգերի լիգայի բրոնզե մեդալակրին, ապա ավելի ուշ Ֆրանսիան ու Իսպանիան կխաղարկեն բաղձալի գավաթը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ազգերի լիգա, Բելգիայի հավաքական, Դիդիե Դեշամ, Թեո-Էրնանդես, Կարիմ-Բենզեմա, Կևին դե Բրոյնե, Կիլիան-Մբապե, Յանիկ Ֆերեյրա Կարասկո, Ուգո Լյորիս, Ռոբերտո Մարտինես, Ռոմելու-Լուկակու, Տիբո-Կուրտուա, Ֆրանսիայի հավաքական