Թրիլլեր Էր Ռիյադում. Ռեալը ֆանտաստիկ  խաղում հաղթեց Բարսելոնային` դուրս գալով  Սուպերգավաթի եզրափակիչ🎥

Թրիլլեր Էր Ռիյադում. Ռեալը ֆանտաստիկ խաղում հաղթեց Բարսելոնային` դուրս գալով Սուպերգավաթի եզրափակիչ🎥

13/01/2022 - 01:31

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Բարսելոնան» Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադում մրցեց «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հանդիպումը մեկնարկել և ընթանում էր մադրիդյան ակումբի խաղային առավելության պայմաններում, ինչն էլ նպաստեց, որ Կառլո Անչելոտիի սաները 25-րդ րոպեին Վինիսիուսի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։

Բաց թողած գոլը կարծես արթնացրեց «Բարսելոնային», որի ֆուտբոլիստները մի քանի գոլային պահեր ստեղծեցին և, ի վերջո, 41-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. աչքի ընկավ Լյուկ դե Յոնգը։

Երկրորդ խաղակեսը շատ ակտիվ մեկնարկեցին Խավիի սաները, ովքեր վտանգավոր գրոհները մեկի մյուսի հետևից էին անցկացնում, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Պեդրին, Լյուկ դե Յոնգը և Ուսման Դեմբելեն։

Ժամանակի ընթացքում մադրիդյան ակումբը ոչ միայն հավասարեցրեց խաղը, այլև ստացավ առավելություն` սկսելով լրջորեն սպառնալ «բլաուգրանասի» դարպասի ուղղությամբ։

69-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Կարիմ Բենզեման, սակայն նրա հարվածից հետո «Բարսելոնային» փրկեց դարպասաձողը։

Ամեն դեպքում, 72-րդ րոպեին Բենզեման խփեց իր գոլն ու կրկին առաջ մղեց մադրիդյան ակումբին` հաշիվը դարձնելով 2:1։

Թվում էր` «սերուցքայինները» կհանգստացնեն հանդիպումն ու այն կմոտեցնեն հաղթական ավարտին, այդուհանդերձ նման սցենարի հետ համաձայն չէին կատալոնացիները, ովքեր 83-րդ րոպեին այս խաղում արդեն երկրորդ անգամ հավասարեցրին հաշիվը. գլխի դիպուկ հարվածով գոլի հեղինակ դարձավ Անսումանե Ֆաթին։

Հանդիպման հիմնական ժամանակում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Հավելենք, որ երկրորդ խաղակեսում «Բարսելոնան» պատասխան գնդակը խփեց կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։

Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսի մեկնարկում որոշակի ակտիվություն էին ցույց տալիս «Բարսելոնայի» ֆուտբոլիստները, սակայն 98-րդ րոպեին մադադրիդյան ակումբը նետվեց կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Ֆեդե Վալվերդեն այս խաղում արդեն երրորդ անգամ առաջ մղեց «Ռեալին»` հաշիվը դարձնելով 3:2։

Բաց թողած երրորդ գոլից անմիջապես հետո «կապտանռնագույնները» նետվեցին առաջ` փրկելու խաղը։

101-րդ րոպեին «Բարսելոնան» մեկ դրվագում երկու գոլային պահ ունեցավ, սակայն Ուսման Դեմբելեի ու Սերխիո Բուսկետսի հարվածներից հետո «Ռեալին» փրկեց դարպասապահ Տիբո Կուրտուան։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում էլ Խավիի թիմը փորձեց փրկել հանդիպումը, սակայն «արքայական» ակումբը պաշտպանվեց անձնուրաց և պահպանեց հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Ռեալը» 3:2 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Բարսելոնայի» նկատմամբ և նվաճեց Իսպանիայի գավաթի եզրափակիչի ուղեգիր, որի շրջանամում հունվարի 16-ին կմրցի «Ատլետիկո Մադրիդ» – «Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022