Լիվերը կրկին ֆիասկոյի է ենթարկվում․ Անչելոտին հերթական դասը տվեց Կլոպին 🎥

Լիվերը կրկին ֆիասկոյի է ենթարկվում․ Անչելոտին հերթական դասը տվեց Կլոպին 🎥

20/02/2021 - 23:50

Անգլիական Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում կայացավ հերթական մերսիսայդյան դերբին, որի շրջանակում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Էվերտոնի» դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ «իրիսներն» արդեն 3-րդ րոպեին Ռիչարլիսոնի գոլի շնորհիվ առաջ անցան հաշիվ մեջ։

Շոկային մեկնարկից հետո «Լիվերպուլի» ֆուտբոլիստները քիչ-քիչ սկսեցին տիրել նախաձեռնությանը, ավելի շատ էին տիրում գնդակին, սակայն ակնհայտ էր, որ խաղն անցնում է Կառլո Անչելոտիի թիմի սցենարով, որն առաջին իսկ հնարավորության դեպքում հակագրոհներ էր անցկացնում։

Ամեն դեպքում, առաջին կեսում այլևս գոլեր չարձանագրվեցին, իսկ կողմերն ընդմիջման գնացին «Էվերտոնի» նվազագույն առավելությամբ։

Երկորդ կեսում «կարմիրների» առավելությունն առավել քան ակնհայտ էր, քանի որ ողջ խաղակեսի ընթացքում Յուրգեն Կլոպի սաները գնդակին տիրում էին ժամանակի 81%-ը, մրցակցի դարպասի ուղղությամբ հարվածեցին 8 անգամ, որոնցից 4-ը դիպուկ ստացվեց, սակայն այս խաղում «Լիվերի» տղաներին վիճակված չէր գոլի հեղինակ դառնալ։

Դեռ ավելին՝ 83-րդ րոպեին հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, քանի որ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը սեփական տուգանային հրապարակում կաննոների խախտում թույլ տվեց։ Նշակետին մոտեցավ Գիլֆի Սիգուրդսոնը և դիպուկ հարվածով դրեց հանդիպման վերջակետը։


Այսպիսով, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի շրջանակում կրում է արդեն 4-րդ անընդմեջ պարտությունը։

Հատկանշական է, որ Յուրգեն Կլոպի թիմը 4-րդ անընդմեջ պարտություն է կրում նաև «ԷՆֆիլդ Ռոուդ» մարզադաշտում։ Դժվար է հավատալ, սակայն նախքան այս խայտառակ շարքը, «Լիվերը» սեփական հարկի տակ չէր պարտվել 68 հանդիպում, սակայն սույն թվականի հունվարի 22-ին «Բյորնլին» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց զորեղ մրցակցին, ինչից հետո մերսիսայդյան ակումբը ոչ մի կերպ չի կարողանում ուշքի գալ։

«Լիվերպուլը» մնաց 40 միավորով և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։ «Էվերտոնն» այս հաղթանակից հետո նույնպես վաստակեց 40 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով 7-րդն է։

Վերջում միայն հավելենք, որ Կառլո Անչելոտին և Յուրգեն Կլոպը միմյանց դեմ էին դուրս եկել 10-րդ անգամ։ «Պապա Կառլոն» տարավ արդեն իր 4-րդ հաղթանակը և դիմակայության ելքի նժարը թեքեց դեպի իր կողմը, քանի որ գերմանացի մասնագետի ակտիվում կա 3 հաղթանակ, իսկ ևս 3 խաղ ավարտվել է ոչ-ոքի։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023