Զլատանի «համեստ» արձագանքը Շվեդիայի հավաքական վերադառնալու վերաբերյալ
Ինչպես տեղեկացնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, Զլատան Իբրահիմովիչը գրեթե 5 տարվա դադարից հետո վերադարձել է ազգային հավաքական։
39-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել մասնակցելու աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում առաջիկայում կայանալիք երկու հանդիպումներին։
Այդ կապակցությամբ Զլատանն Instagram-ի իր էջում տեղադրել է իր լուսանկարը ազգային թիմի մարզաշապիկով և վերնագրել «Աստծո վերադարձը»։
Մարտի 25-ին շվեդները տանը կմրցեն Վրաստանի հավաքականի դեմ, իսկ 28-ին կհյուրընկալվեն Կոսովոյին։ Մարտի 31-ին էլ ընկերական հանդիպում կանցկացնեն էստոնացիների դեմ։
Շվեդ ֆուտբոլիստը ազգային թիմում հանդես է եկել 2001-2016 թվականներին՝ այդ ընթացքում մասնակցելով 116 հանդիպման և դառնալով 62 գոլի ու 17 գոլային փոխանցման հեղինակ։ Նա հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։
Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Զլատան Իբրահիմովիչը մասնակցել է 21 հանդիպման, դարձել 16 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Շվեդիայի ազգային հավաքական