Դրամա «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը կամային հաղթանակ տոնեց Բարսելոնայի նկատմամբ🎥
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 2:2 հաշիվը։
Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, այն բավական ակտիվ մեկնարկեցին մանկունյական ակումբի ֆուտբոլիստներն, ովքեր արդեն 3-րդ րոպեին կարող էին բացել հաշիվը, սակայն Բրունու Ֆերնանդեշը վրիպեց նպաստավոր դիրքից։
«Բլաուգրանան» այդ դրվագից հետո նախաձեռնությունը քիչ-քիչ վերցրեց իր ձեռքը և 17-րդ րոպեին 11-մետրանոց վաստակեց, որը դիպուկ իրացրեց Ռոբերտ Լևանդովսկին` բացելով հաշիվը։
Խաղակեսի մնացած ժամանակահատվածում հիմնականում դիրքային պայքարի ականատես եղանք. կողմերի գրոհներն իրենց մեջ այնքան էլ վտանգ չէին պարունակում։
Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսում Էրիկ Տեն Հագի սաները դաշտ դուրս եկան պարզապես կերպարանափոխված և առաջին իսկ լուրջ գրոհը վերածեցին դարպասի գրավման. 47-րդ րոպեին աչքի ընկավ Ֆրեդը։
Բաց թողած գոլը սառը ցնցուղ էր հյուրերի համար, ովքեր տևական ժամանակ չէին կարողանում ուշքի գալ, սակայն 64-րդ րոպեին աչքի ընկնելու հնարավորություն ուներ Ժյուլ Կունդեն, սակայն ֆրանսիացի պաշտպանի գլխով հարվածից հետո «կարմիր սատանաներին» փրկեց դարպասապահ Դավիդ Դե Խեան։
Ինչ-որ պահից սկսած` տանտերերի գրոհները կրկին շատ վտանգավոր դարձան, ինչն էլ տվեց իր արդյունքը, քանի որ փոխարինման դուրս եկած Անթոնին 73-րդ րոպեին դիպուկ հարվածով առաջ մղեց մանկունյական ակումբին։
Խավին երկրորդ բաց թողած գոլից հետո մի շարք փոփոխություններ կատարեց` փորձելով ակտիվացնել իր թիմի խաղը, սակայն ապարդյուն. «Յունայթեդը» շատ հստակ էր պաշտպանվում։
Ի վերջո, «կարմիր սատանաները» պահպանեցին հաղթական հաշիվն` առավելության հասնելով 2:1 հաշվով։
Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդն» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 4:3 հաշվով` դուրս գալով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am