Հիասքանչ ֆուտբոլ «Նոու Կամպում». Բարսան ու Յունայթեդը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

Հիասքանչ ֆուտբոլ «Նոու Կամպում». Բարսան ու Յունայթեդը գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

16/02/2023 - 23:39

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» «Սփոթիֆայ Նոու Կամպ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Առաջին խաղակեսում կողմերն աչքի ընկան հիմնականում հավասար ու հետախուզական պայքարում։

Սակայն, պետք է փաստել, որ «կարմիր սատանաների» գրոհներմ ավելի սուր էին և մտածված, ինչի արդյունքում Էրիկ Տեն Հագի թիմն ունեցավ երկու իրական գոլային պահ։

Հարվածային բավական վտանգավոր դիրքում հայտնվեցին Մարկուս Ռեշֆորդն ու Վութ Վեգորսթը, սակայն երկու դեպքում էլ «Բարսային» փրկեց դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

«Բլաուգրանայի» գոլային դրվագներից էլ կարելի է հիշատակել Ռոբերտ Լևանդովսու հարվածը, երբ հյուրերին փրկեց արդեն Դավիդ դե Խեան։

Կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Խավիի թիմը սառը ցնցուղ էր պատրաստել մրցակցի համար, քանի որ արդեն 50-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Մարկոս Ալոնսոյի ջանքերով բացեց հաշիվը։

Այդուհանդերձ, «բլաուգրանայի» ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 53-րդ րոպեին հյուրերը կտրուկ հակագրոհ զարգացրին, որը եզրափակեց Մարկուս Ռեշֆորդը։

59-րդ րոպեին էլ հաշվի մեջ առաջ անցան արդեն «Յունայթեդի» ֆուտբոլիստները. անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակում ինքնագոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։

Բուռն մեկնարկից ու խփված գոլերից հետո համդիպումը մասամբ հանդարտվեց, սակայն այդ ընթացքում Խավին փոփոխություններ կատարեց` փորձելով ակտիվացնել իր թիմի խաղը։

Ժամանակի ընթացքում «կապտանռնագույնները» խաղային առավելություն ստացան և 76-րդ րոպեին խփեցին պատասխան գոլը. Ռաֆինիայի կատարած բարձր փոխանցումից հետո գնդակը, չդիպչելով ոչ-ոքի, հայտնվեց մանկունյական ակումբի դարպասում։

Խաղավերջում «բլաուգրանան» մեծ ճնշում էր գործադրում` փորձելով հաղթանակ կորզել։

«Բարսայի» ֆուտբոլիստները երկու իրական գոլային պահ ունեցան, սակայն դրվագներից մեկում քիչ մնաց ինքնագոլի հեղինակ դառնար Կազեմիրոն, ինչից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ մյուսում Անսու Ֆաթիի հարվածից հետո փայլեց Դավիդ դե Խեան։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով։

Նշենք, որ այս դիմակայության պատասխան խաղը կկայանա փետրվարի 23-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023