Դրամա Միլանում. Ինտերն ու Ատալանտան անհավանական խաղում չպարզեցին հաղթողին
Իտալական Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում գործող չեմպիոն «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց «Ատալանատայի» դեմ։
Կարելի է ասել` միլանյան ակումբը հանդիպումն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Նիլոլո Բարելայի կատարած հիասքանչ փոխանցումից հետո ոչ պակաս գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը` առաջ մղելով «Ինտերին»։
Թվում էր` շոկային մեկնարկը կազդի «Ատալանտայի» ֆուտբոլիստների հոգեբանության վրա, սակայն հակառակ պատկերը տեսանք։
Բաց թողած գոլից անմիջապես հետո Ջանպիերո Գասպերինիի սաներն անմիջապես տիրեցին նախաձեռնությանը և նախքան ընդմիջման գնալն ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
Նախ 30-րդ րոպեին աչքի ընկավ Ռուսլան Մալինովսկին, ապա 38-րդ րոպեին` Ռաֆայել Տոլոյը։
Կողմերն ընդմիջման գնացին Բերգամոն ներկայացնող ակումբի նվազագույն առավելության պայմաններում։
Երկրորդ խաղակեսն անցավ անհավանական սցենարով։
52-րդ րոպեին «Ատալանտայի» առավելությունը կարող էր մեծացնել Ռուսլան Մալինովսկին, սակայն ուկրաինացի ֆուտբոլիստի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Այդ դրվագից հետո Սիմոնե Ինձազգիի սաները նետվեցին առաջ` խփելու պատասխան գնդակը։
«Ինտերի» տղաները քիչ-քիչ ձեռք բերեցին խաղային առավելություն, սակայն միայն 72-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը. գոլի հեղինակ դարձավ Էդին Ջեկոն։
85-րդ րոպեին տանտերերը վաստակեցին 11-մետրանոց հարվածի իրավունք, քանի որ «Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը ձեռքով էր խաղացել սեփական տուգանային հրապարակում։
Նշակետին մոտեցավ «ներաձուրիների» լատերալ Ֆեդերիկո Դիմարկոն, սակայն նրա հարվածը դիպավ դարպասաձողին։
88-րդ րոպեին բերգամոսցիների բազմաքայլ գրոհն ավարտվեց գոլով, որն իր անվան դիմաց գրանցեց Ռոբերտո Պիկոլին։
«Ատալանտայի» ֆուտբոլիստները ցնծում էին և թվում էր` վերջ, հյուրերը հաղթանակ կորզեցին, սակայն վայրկայններ անց հանդիպման գլխավոր մրցավար Ֆաբիո Մարեսկան VAR համակարգի սենյակում աշխատող իր գործընկերներից տեղեկացավ, որ գնդակը դրվագներից մեկում լքել է դաշտի դիմային գիծը, այդ պատճառով էլ չարձանագրվեղ Պիկոլիի խփած գնդակը։
Ամեն դեպքում, խաղն ավարտվեց 2:2 հաշվով. կողմերը կիսեցին միավորը։
Այս ոչ-ոքիից հետո «Ինտերը» վաստակեց 14 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Ատալանտան» էլ 11 միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ատալանտա, Էդին-Ջեկո, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Նիկոլո Բարելա, Ջանպիերո Գասպերինի, Ռաֆայել Տոլոյ, Ռոբերտո Պիկոլի, Ռուսլան Մալինովսկի, Սիմոնե Ինձզագի, Ֆեդերիկո Դիմարկո