Դե լա Ֆուենտե. «Կրոսի խախտումն արժանի էր կարմիր քարտի»🎥
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչում լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով Գերմանիային հաղթելուց հետո խոսել է «բունդեսմանշաֆթի» կիսապաշտպան Տոնի Կրոսի` «ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստ Պեդրիի նկամտմաբ թույլ տված կանոնների խախտման մասին.
«Պեդրին շատ ուժեղ հարված էր ստացել, ու մրցակցին հենց սկզբից պետք էր պատժել։ Բայց որևէ արդարացում չեմ փնտրում։ Սա ֆուտբոլ է, և եթե որևէ մեկը վնասվածք է ստանում, դաշտ է դուրս գալիս մեկ այլ խաղացող։ Բոլոր 26 ֆուտբոլիստները պատրաստ են։
Պեդրին ուժեղ ցավեր ուներ։ Կարծում եմ` Կրոսի խախտումն արժանի էր կարմիր քարտի։ Պեդրին թիմում իր ներդրումը կշարունակի ունենալ արդեն խաղադաշտից դուրս։ Ես որևէ դժգոհություն չունեմ գերմանացիներից»,- Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի խոսքը մեջբերում է As-ը։
Հիշեցնենք, որ Գերմանիայի դեմ խաղում «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին Տոնի Կրոսի կոպիտ խախտման պատճառով արդեն 8-րդ րոպեին ծանր վնասվածք ստացավ և փոխարինվեց։ Հետագայում պարզ դարձավ, որ 21-ամյա ֆուտբոլիստն այլևս չի մասնակցի Եվրո-2024-ի հանդիպումներին։
«Ֆուրիա ռոխան» դուրս է եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ հուլիսի 9-ին մրցելու է Ֆրանսիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գերմանիայի հավաքական, Եվրո-2024, Եվրոպայի առաջնություն, Իսպանիայի հավաքական, Լուիս դե լա Ֆուենտե, Պեդրի, Տոնի-Կրոս