Գերմանիան ՉԼ հաջորդ խաղարկությունում կունենա 5 ներկայացուցիչ
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» սեփական մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին։
Այդ հաղթանակի շնորհիվ Չեմպիոնների լիգայի 2024/25 խաղարկությունում Գերմանիան կունենա 5 ներկայացուցիչ։
Դեռ ավելին` եթե «Բորուսիան» հաղթի Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում և Բունդեսլիգայում զբաղեցնի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղը, մրցաշարի հաջորդ մրցաշրջանում Գերմանիան կունենա 6 ներկայացուցիչ։ Ուղեգիր կնվաճի նաև Բունդեսլիգայի 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբը։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության ուղեգիր են նվաճել Լևերկուզենի «Բայերը», Մյունխենի «Բավարիան», «Շտուտգարտը», Լայպցիգը և հենց Դորտմունդի «Բորուսիան», իսկ 6-րդ տեղը 31-րդ տուրից հետո զբաղեցնում է Ֆրանկֆուրտի «Այնտրախտը»։
Ավելի վաղ Չեմպիոնների լիգայում լրացուցիչ տեղ են ստացել նաև իտալական ակումբները. մրցաշարի հաջորդ խաղարկությանն Ա սերիայից նույնպես մասնակցելու է 5 ակումբ։
Հիշեցնենք, որ 2024/25 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի ձևաչափը փոխվելու է։ Մրցաշարն ունենալու է մեկ ընդհանուր խումբ, որին մասնակցելու է 36 ակումբ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Բայեր Լևերկուզեն, Բավարիա, Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Լայպցիգ, Շտուտգարտ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ