Բարսելոնան մտադիր է հաջորդ շաբաթ ևս երկու տրանսֆեր իրականացնել
Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Բարսելոնան» դեռևս չի ավարտել գործունեությունը տրանսֆերային շուկայում և մտադիր է հաջորդ շաբաթ ևս երկու գործարք իրականացնել։
Աղբյուրի փոխանցմամբ` բոլոր նորեկներին գրանցելուց հետո «Բարսելոնան» պատրաստվում է բոլոր ուժերը ներդնել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի և «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի տրանսֆերներն ավարտին հասցնելու ուղղությամբ։
Հաղորդվում է, որ Մարկոս Ալոնսոն արդեն շատ մոտ է «կապտանռնագույնների» շարքերը համալրելուն։
Դեռևս ամիսներ առաջ «բլաուգրանան» իսպանացի ձախ պաշտպանի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել, իսկ անցնող օրերին, ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկությունների, «Բարսելոնան» այդ գործարքի հարցում բանակցություններ է վարել «ազնվականների» հետ, որոնք բավական հաջող են ընթացել։
Սպասվում է, որ կատալոնական ակումբը 31-ամյա լատերալի տրանսֆերի դիմաց «Չելսիին» կվճարի մոտ 10 մլն եվրո։
Նշենք` ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Ալոնսոյի տրանսֆերի մասին պաշտոնապես կկարողանա միայն հայտարարել ֆինանսական խնդիրների կարգավորումից և նորեկներին գրանցելուց հետո, որոնք կատալոնական ակումբն արդեն լուծել է։
Ինչ վերաբերում է Բերնարդու Սիլվային, ապա «կապտանռնագույններն» արդեն տևական ժամանակ է հետաքրքրված են պորտուգալացի ֆուտբոլիստի ծառայություններով։
«Բարսելոնան» երկար ժամանակ 28-ամյա ֆուտբոլիստին դիտարկում էր որպես Ֆրենկի դե Յոնգի անմիջական փոխարինող, սակայն այժմ իրավիճակը փոխվել է։
Բանն այն է, որ «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան վերջերս Սիլվային հայտնել է, որ նրա` «Բարսելոնա» տեղափոխությունը կարող է իրականանալ` անկախ Ֆրենկի դե Յոնգի ապագայից։
Ակնկալվում է, որ այդ տրանսֆերն էլ «Բարսելոնայի» համար արժենալու է 65 մլն եվրո, իսկ պորտուգալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բարսելոնան» արդեն իրականացրել է 5 գործարք` գնելով Ռաֆինյային («Լիդս», 58 մլն եվրո), Ժյուլ Կունդեին («Սևիլիա», 50 մլն եվրո), Ռոբերտ Լևանդովսկիին («Բավարիա», 45 մլն եվրո) և ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր կնքելով Անդրեաս Քրիստենսենի («Չելսի») ու Ֆրանկ Կեսիեի հետ («Միլան»)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բերնարդու Սիլվա, Ժոան Լապորտա, Մանչեսթեր-Սիթի, Մարկոս ԱԼոնսո, Չելսի, տրանսֆերներ