Բարսելոնան բավականին վստահ տեսք ուներ Թուրինում🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ G խմբում, որի շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Բարսելոնային»։
Կատալոնական ակումբը ողջ հանդիպման ընթացքում շատ ավելի լավ տեսք ուներ և բավականին սուր էր գրոհում՝ օգտագործելով դաշտի ողջ երկայնքը։ Հենց մեկնարկում կատալոնացիները միանգամից երկու գոլային պահ ստեղծեցին։ Նախ Միրալեմ Պյանիչի հեռահար հարվածից հետո Վոյցեխ Շյեսնին փրկեց իր թիմին, իսկ Անտուան Գրիզմանը փորձեց մոտ տարածությունից դառնալ գոլի հեղինակ, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։
14-րդ րոպեին, ամեն դեպքում, խաղի հյուրերը բացեցին հաշիվը։ Ուսման Դեմբելեի հեռահար հարվածից հետո գնդակն անդրադարձավ Ֆեդերիկո Կյեզայից՝ հայտնվելով դարպասում։
Խաղի մնացած ժամանակահատվածում «Բարսելոնան» ստեղծեց բազում գոլային պահեր, սակայն միայն 90+1-րդ րոպեին կարողացավ խփել երկրորդ գնդակը․ 11 մետրանոցից աչքի ընկավ Լեո Մեսսին։
«Յուվենտուսն» էլ այս խաղում աչքի ընկավ միայն Ալվարո Մորատայի «մղձավանջով», ով խաղի ընթացքում 3 անգամ դարձավ գոլի հեղինակ, սակայն VAR-համակարգը չարձանագրեց գոլերը, քանի որ իսպանացի հարձակվողը բոլոր դեպքերում եղել էր խաղից դուրս իրավիճակում։
Այս խմբի մյուս խաղում էլ «Ֆերենցվարոշն» ու «Դինամո Կիևը» չպարզեցին հաղթողին․ գրանցվեց 2։2 հաշիվը։
ՉԼ․ խումբ G
«Բարսելոնա» – 6 միավոր
«Յուվենտուս» – 3 միավոր
«Դինամո Կիև» – 1 միավոր
«Ֆերենցվարոշ» – 1 միավոր
# Ալվարո Մորատա, Բարսելոնա, Դինամո Կիև, Լեո Մեսսի, Յուվենտուս, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՖԵրենցվարոշ