Արման Ծառուկյանի հաղթանակն ու դաժան ծեծկռտուքը 🎥
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի Տեմպե քաղաքում կայացած ազատ ոճի ըմբշամարտի RAF 06 (Real American Freestyle) մրցաշարի գլխավոր գոտեմարտում UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանը 5:3 հաշվով հաղթել է Ջորջիո Պուլասին (ԱՄՆ)։
Գոտեմարտն անցել է շատ լարված պայքարում։ Մեկնարկում Պուլասը սադրել է հայ մարտիկին։ Կողմերը փոխանակվել են փոխադարձ ապտակներով։
Գոտեմարտի ընթացքում մի շարք դրվագներում նրանք ևս մի քանի անգամ ապտակ են հասցրել միմյանց, ինչից հետո մրցավարներն սկսել են խախտումներ արձանագրել, իսկ Ծառուկյանը հայտնվել է հաղթողի դերում` 2:1։
Երկրորդ քառորդում Պուլասը խուսափել է ակտիվ գոտեմարտից. Ծառուկյանը մրցակցի պասիվության համար ևս մեկ միավոր է ստացել` 3:1։
Գոտեմարտի վերջնամասում մարտիկներն ակտիվ գործողությունների են անցել։ Արդյունքում Ծառուկյանը պայքարն ավարտել է իր օգտին` 5:3։
Պայքարն այդքանով չի ավարտվել, քանի որ անմիջապես գոտեմարտի ավարտից հետո Ծառուկյանը հարձակվել է ամերիկացի մրցակցի վրա` սկսելով հարվածել նրան։ Պուլասը նոկաուտի է ենթարկվել, սկսվել է զանգվածային ծեծկռտուք։
Մրցաշարի կազմակերպիչներին որոշ ժամանակ անց հաջողվել է հանդարտեցնել կրքերը։ Դեռ հայտնի չէ, թե կարգապահական ինչ պատիժներ են սպասվում Ծառուկյանին ու Պուլասին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml