Ռեալ Սոսիեդադը բարձրանում է փառքի գագաթնակետին՝ նվաճելով Իսպանիայի գավաթը🎥
Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում վերջապես կայացավ Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey-ի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին բասկյան երկու ակումբները՝ «Ատլետիկ Բիլբաոն» և «Ռեալ Սոսիեդադը»։
Այս հանդիպումը պետք է կայանար դեռևս 2020 թվականի ապրիլին, սակայն, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, այն մի քանի անգամ անորոշ ժամանակով հետաձգվեց։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար և հետախուզական պայքարում, կողմերը գրեթե գոլային պահեր չունեին։
Ակումբները միահամուռ ուժերով ողջ առաջին կեսում կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված, որն էլ կարող էր ավարտվել խփած գոլով, սակայն «Ատլետիկի» կենտրոնական պաշտպան Ինիգո Մարտինեսի 32-րդ րոպեին կատարած հեռահար հարվածից հետո «Սոսիեդադին» փրկեց դարպասապահ Ալեքս Ռեմիրոն։
Առաջին խաղակեսում, ամեն դեպքում, խփած գոլեր չտեսանք։
Երկրորդ խաղակեսն էլ ակտիվ մեկնարկեցին «Սոսիեդադի» ֆուտբոլիստները, ովքեր 59-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, քանի որ Ինիգո Մարտինեսը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց։
Հանդիպման գլխավոր մրցավար Խավիեր Էստրադա Ֆերնանդեսը սկզբում 29-ամյա պաշտպանին պատժեց կարմիր քարտով, սակայն հետագայում, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, փոխեց իր որոշումը՝ Մարտինեսին ցույց տալով դեղին քարտ, սակայն 11-մետրանոցը մնաց ուժի մեջ։
Գնդակին մոտեցավ «Ռեալ Սոսիեդադի» ավագ Միկել Օյարսաբալը և դիպուկ հարվածով առաջ մղեց իր թիմին։
Հատկանշական է, որ հանդիպման նոմինալ հյուրերը հաշիվը բացեցին կատարած առաջին իսկ դիպուկ հարվածով։
Բաց թողած գոլից հետո Մարսելինո Գարսիա Տորալի թիմը փորձեց ինչ-որ կերպ բեկել խաղի ընթացքը, սակայն «Բիլբաոյի» խաղն ընդհանրապես չէր ստացվում, իսկ գրոհներում սրություն չկար։
Իմանոլ Ալգուասիլի սաները անձնուրաց պաշտպանվում էին՝ կասեցնելով «Ատլետիկի» բոլոր գրոհների փորձերը։
Ի վերջո, «Ռեալ Սոսիեդադին» հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը և իր պատմության ընթացքում 3-րդ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը։
Բասկյան ակումբը վերջին անգամ որևէ լուրջ տիտղոս նվաճել էր 1987 թվականին, երբ կրկին դարձել էր Իսպանիայի գավաթակիր։
Հավելենք, որ «Ատլետիկ Բիլբաոն» օրեր անց՝ ապրիլի 17-ին, նույն մարզադաշտում կանցկացնի արդեն Copa del Rey-ի 2020/21 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը՝ մրցելով «Բարսելոնայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ատլետիկ Բիլբաո, Իմանոլ Ալգուասիլ, Ինիգո Մարտինես, Իսպանիայի գավաթ, Մարսելինո-Գարսիա-Տորալ, Միկել Օյարսաբալ, Ռեալ-Սոսիեդադ