Վճռորոշ կարմիր քարտը! Ռեալի տառապանքը տվեց իր արդյունքը🎥
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ատալանտան» Բերգամոյում մրցեց «Ռեալի» դեմ։
Հանդիպումը, կարելի է ասել, մեկնարկել էր հանգիստ պայքարում, հետախուզական ֆուտբոլ էր ընթանում, սակայն անսպասելի զարգացում եղավ, քանի որ 17-րդ րոպեին «Ատալանտան» մնաց 10 ֆուտբոլիստներով։
Բերգամոսցիների կիսապաշտպան Ռեմո Ֆրոյլերը խախտում թույլ տվեց Վինիսիուսի նկատմամբ, իսկ հանդիպումը սպասարկող Թոբիաս Շթիլերը գտավ, որ շվեյցարացի ֆուտբոլիստը վերջին հույսի խախտում է թույլ տվել՝ հեռացնելով նրան խաղադաշտից։
Ստանալով քանակական առավելություն՝ «արքայական» ակումբը տիրեց նախաձեռնությանը։ Զինեդին Զիդանի թիմն ուներ ակնհայտ առավելություն, ավելի շատ էր տիրում գնդակին, սակայն երկար ժամանակ «Ռեալի» խաղում չկար սրություն։
Մադրիդյան ակումբն իր ամենաիրական գոլային պահը ստեղծեց միայն 45+1-րդ րոպեին, երբ Կազեմիրոյի կատարած հարվածից հետո «Ատալանտային» փրկեց դարպասահապ Պիերլուիջի Գոլինին։
«Ռեալին» չհաջողվեց նախքան ընդմիջման գնալն առաջ անցնել հաշվի մեջ, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։
Եթե առաջին խաղակեսում Ջանպիերո Գասպերինիի սաները փորձում էին ինչ-որ բան առաջարկել «սերուցքայիններին», ապա երկրորդ կեսում նրանք ընդհանրապես փակվեցին սեփական տուգանային հրապարակում և միայն մտածում էին պաշտպանության մասին։
«Ռեալի» առավելությունն ավելի լավ ընդգծելու համար նշենք, որ Զիդանի թիմը գնդակին տիրում էր ժամանակի 87%-ը, սակայն դա միայն զուտ տարածքային առավելություն էր։
Մադրիդյան ակումբի կազմում, բառի ամենաուղիղ իմաստով, չկար ոչինչ։ «Ռեալի» գրոհները ժամանակի ընթացքում միատոն ընթացք ստացան, ինչն էլ, միանշանակ, ձեռնտու էր հենց «Ատալանտային»։
«Արքայական» ակումբին ոչ մի կերպ չէր հաջողվում ճեղքել բերգամոսցիների պաշտպանությունը։
Խաղավարտին մոտ դաշտում արդեն ավելի շատ դիրքային պայքար էր ընթանում։ Հանդիպման ինչ-որ պահից սկսած՝ տպավորություն էր, թե երկու ակումբներն էլ համակերպվել էին ոչ-ոքի արդյունքի հետ՝ չփորձելով ավելորդ ռիսկի դիմել։
Ամեն դեպքում, «Ռեալին» հաջողվեց խաղավարտին մոտ հաղթանակ կորզել։ 86-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո մադրիդյան ակումբի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչի արդյունքում գնդակը հայտնվեց Ֆերլան Մենդիի մոտ, ով էլ հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։
Ինչպես հանդիպման մեծ մասում, «Ատալանտան» բաց թողած գոլից հետո էլ չկարողացավ ոչինչ առաջարկել մրցակցին, իսկ խաղն ավարտվեց «Ռեալի»՝ 1։0 հաշվով հաղթանակով։
Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 17-ին՝ Երևանի ժամանակով 00։00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Զինեդին-Զիդան, Կազեմիրո, Չեմպիոնների-լիգա, Պիերլուիջի Գոլինի, Ջանպիերո Գասպերինի, Ռեալ Մադրիդ, Ռեմո Ֆրոյլեր