Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը նոր ակումբ ունի
Ինչպես տեղեկացնում է ճապոնական J-League-ի Twitter-ի պաշտոնական կայքը, «Յոկոհամայի» հարձակվող Կաձույոսի Միուրան փոխել է ակումբային գրանցումը։
54-ամյա հարձակվողը կարիերան վարձավճարով շարունակելու է Ճապոնիայի չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Սուզուկա Պոյինթ Գեթերս» ակումբի կազմում։
Կողմերի միջև վարձակալական պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թ. հունվարի 31-ը, որն ուժի մեջ կմտնի 2022 թ. փետրվարի 1-ից։
Նշենք, որ «Յոկոհաման» J-League-ի 2021 թ. մրցաշրջանի արդյունքներով լքեց Ճապոնիայի բարձրագույն խումբը, իսկ Միրուան, ով նախորդ մրցաշրջանում անցկացրել էր ընդամենը 4 հանդիպում, ցանկացավ հեռանալ ակումբից, քանի որ նպատակ ունի ստանալ ավելի շատ խաղաժամանակ։
Հավելենք, որ «Սուզուկա Պոյինթ Գեթերսի» գլխավոր մարզիչը Կաձույոսի Միուրայի ավագ եղբայրն է` Յասուտոշի Միուրան։
Հիշեցնենք, որ Կաձույոսի Միուրան ֆուտբոլի պատմության ամենատարեց պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն է։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է դեռևս 1986 թ. բրազիլական «Սանթոսի» կազմում։
Վետերան ֆուտբոլիստը, 2017 թ. մարտի 6-ին «Յոկոհամայի» կազմում 50 տարեկան և 7 օրական հասակում մասնակցելով հանդիպման, գերազանցեց անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթենլի Մեթյուզի ռեկորդը և պաշտոնապես դարձավ երբևէ հանդիպման մասնակցած ամենատարեց ֆուտբոլիստը։
Դրանից 6 օր անց` 2017 թ. մարտի 12-ին էլ Միուրան «Յոկոհամայի» կազմում գրավեց «Զեսպակուսացու Գամայի» դարպասը և դարձավ նաև ֆուտբոլի պատմության երբևէ գոլի հեղինակ դարձած ամենատարեց ֆուտբոլիստը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# J-League, Կաձույոսի Միուրա, Ճապոնիայի առաջնություն, Յոկոհամա, Սուզուկա Պոյինթ Գեթերս, տրանսֆերներ