Անգլիայի գավաթ. Լիվերպուլն ու Տոտենհեմը վստահ հաղթանակներ տոնեցին🎥
Անգլիայի գավաթի 1/32 եզրափակիչի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ մրցեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան ներկայացնող «Մորկամ» ակումբի դեմ։
Անտոնիո Կոնտեի սաները, չնայած հանդիպման մեծ մասում պարտվում էին 0:1 հաշվով, սակայն կարողացան խաղավերջում բեկել խաղի ընթացքն ու 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնել։
Հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացեց հյուրերի պաշտպան Էնթոնի Օ’Քոնորը, իսկ «Տոտենհեմի» գոլերը խփեցին Հարի Վինքսը (74-րդ րոպե), Լուկաս Մոուրան (85-րդ րոպե), իսկ 88-րդ րոպեին աչքի ընկավ Հարի Քեյնը։
Այսպիսով, «խցանները» պայքարը կշարունակեն մրցաշարի 1/16 եզրափակիչում և կմրցեն «Բրայթոնի» դեմ։
«Տոտենհեմ» – «Մորկամ» հանդիպմանը զուգահեռաբար «Լիվերպուլը» նույնպես մրցում էր երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի` «Շրուսբերի Թաունի» դեմ։
Ընդ որում` մերսիսայդյան ակումբը նույնպես կամայի հաղթանակ տոնեց և առավելության հասավ 4:1 հաշվով։
Խաղի հաշիվը 27-րդ րոպեին բացեց «Շրուսբերի Թաունի» հարձակվող Դանիել Ուդոն, ինչին հետևեցին Ֆաբինիոյի դուբլը և Ռոբերտո Ֆիրմինոյի ու 17-ամյա հարձակվող Կայդի Գորդոնի մեկական գոլերը։
Այսպիսով, «Լիվերպուլը» նույնպես նվաճեց Անգլիայի գավաթի 1/16 եզրափակիչի ուղեգիր և մրցաշարի այդ փուլում կմրցի Չեմպիոնշիփը ներկայացնող «Քարդիֆի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգլիայի գավաթ, Անտոնիո-Կոնտե, Լիվերպուլ, Լուկաս Մոուրա, Կայդի Գորդոն, Հարի Վինքս, Հարի Քեյն, Մորկամ, Յուրգեն-Կլոպ, Շրուսբերի Թաուն, Ռոբերտո-Ֆիրմինո, Տոտենհեմ, Ֆաբինիո